Հայաստանում, ըստ հաշվարկային տվյալների, տարեկան մոտ 4000-5000 կին բախվում է հետծննդաբերական դեպրեսիայի։ Սակայն 100-ից միայն մեկն է ստանում ախտորոշում ու մասնագիտական օգնություն։ Այս մասի NEWS. Am Medicine–ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է հոգեբույժ Արամ Հովսեփյանը՝ «Բժշկության ու բնական գիտությունների զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավարը։
Հետծննդաբերական դեպրեսիան (այն նաեւ կոչում են պոստնատալ) դեպրեսիվ խանգարման ձեւ է, որը զարգանում է ծննդաբերությունից հետո։ Համարվում է, որ հետծննդաբերական ժամանակաշրջանում հետծննդաբերական դեպրեսիայով տառապում է մայրերի մոտ 13 տոկոսը։ Հետծննդաբերական դեպրեսիան հիմնականում դրսեւորվում է լացի, բարկության, տագնապի նոպաներով։ Ծանր դեպքերում դեպրեսիան կարող է հանգեցնել սուիցիդալ մտքերի, կնոջը դրդել չկշռադատված արարքների՝ ինքն իր կամ երեխայի նկատմամբ։
Հետծննդաբերական դեպրեսիան ընդամենը վատ տրամադրություն չէ, որը նկատվում է ծննդաբերությունից հետո։ Մասնագետները նշում են, որ դա լուրջ խնդիր է, որն ազդում է ոչ միայն կնոջ, այլեւ երեխայի առողջության վրա։ Ավելին՝ համարվում է, որ հետծննդաբերական դեպրեսիա ունեցող կանանց մոտ հետագայում ավելի հաճախակի է զարգանում երկբեւեռ խանգարում։
Արամ Հովսեփյանը նշեց, որ հետծննդաբերական դեպրեսիայի բոլոր պատճառները դեռ հայտնի չեն, բայց համարվում է, որ դրա զարգացման հավանականությունը բարձրանում է մի շարք պատճառներով՝ հղիություն ինքնին սթրես է օրգանիզմի համար, ու եթե կինը դեպրեսիաների հանդեպ հակում ունի, ծննդաբերությունից հետո նա կարող է բախվել այդ խնդրին։ Բացի այդ՝ կնոջ կյանքը ծննդաբերությունից հետո կտրուկ փոխվում է, նա սկսում է ավելի քիչ քնել, հանգստանալ, երբեմն նա զգում է հարազատների ուշադրության պակասը, ու այդ բոլոր գործոնները կարող են ազդել դեպրեսիայի զարգացման հավանականության վրա։
Նշենք, որ վերջերս Brigham& Women’s Hospital-ի գիտնականները պարզել են, որ ձմռանը կամ գարնանը ծննդաբերող կանայք ավելի հազվադեպ են հետծննդաբերական դեպրեսիա ունենում, քան տարվա մյուս եղանակներին ծննդաբերողները։ Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ կանայք, որոնք ծննդաբերել են էպիդուրալ անեսթեզիայով, ավելի հազվադեպ են տառապում հետծննդաբերական դեպրեսիայից, քան նրանք, որոնք առանց ցավազրկման են ծննդաբերել։ Ավելին՝ որքան արդյունավետ է եղել այդ ցավազրկումը, այդքան նվազել է դեպրեսիայի հավանականությունը։
Նշենք, որ ըստ Probiotics in Pregnancy Study հետազոտության, որը հրապարակվել է EbioMedicine ամսագրում, հղիության ժամանակ պրոբիոտիկների ընդունումը կարող է նվազեցնել հետծննդաբերական դեպրեսիայի ու տագնապային վիճակների ախտանշանների արտահայտման մակարդակը։






