ԴՆԹ փորձաքննությունն այսօր ոչ միայն մի շարք հիվանդությունների ախտորոշման նպատակով է օգտագործվում, այլեւ օգնում է բռնել հանցագործներին։ Վրաստանի Դատական փորձաքննության ազգային բյուրոյի կենսաբանական փորձաքննության բաժնի վարիչ Նինո Կոչիաշվիլին NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցի ժամանակ պատմել է քրեագիտության մեջ ԴՆԹ փորձաքննության ոլորտում իր փորձի մասին։

Նրա խոսքով՝ հանցագործները հանցագործության վայրում շատ հաճախ են թողնում կենսաբանական նյութ, որով նրանց հետագայում հնարավոր է լինում գտնել։ Դա կարող է լինել թուք, արյուն, մազեր կամ սերմնահեղուկ՝ եթե խոսքը բռնաբարության մասին է։ Քննիչները , հայտնաբերելով նման նյութ, այն ուղարկում են գենետիկ փորձաքննության, որի օգնությամբ հնարավոր է լինում պարզել, թե ում է այն պատկանում։

Նինո Կոչիաշվիլին նշեց, որ Վրաստանում կա անցյալում իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնված մարդկանց ԴՆԹ տվյալների բազա։ Քանի որ շատ հանցագործների բնորոշ է կրկնակի հանցագործություն կատարելը, այդ տվյալների բազան, փորձագետի խոսքով, իրոք օգնում է բացահայտել բարդ գործերը։Հետազոտելով հանցագործության վայրում հայտնաբերված կենսաբանական նյութերը, մասնագետները փնտրում են համընկումներ իրենց տվյալների բազայում։ Եթե պարզվում է, որ այդ նյութը պատկանում է որեւէ մեկին, ով արդեն գրանցված է բազայում, դա նկատելիորեն հեշտացնում է հետաքննությունը։

Իսկ եթե քննությունն արդեն ունի կասկածյալ, որը սակայն հասցրել է արտասահման մեկնել, նրան մասնակցությունը միեւնույն է հնարավոր կլինի պարզել ԴՆԹ փորձաքննության միջոցով, եթե հանցագործության վայրում նա թողել է կենսաբանական նյութ, նրա ԴՆԹ-ն հնարավոր է համեմատել նրա կենսաբանական ազգականների՝ ծնողների կամ երեխաների ԴՆթ-ի հետ։

Նինո Կոչիաշվիլին նշեց, որ կենսաբանական փորձաքննության բաժինն այս տարի կդառնա 10 տարեկան ։ Այդ տարիներին նրանք իրականացրել են ավելի քան 3000 փորձաքննություն ու օգնել են բացահայտել հարյուրավոր քրեական գործեր։

«10 տարի առաջ, երբ մենք նոր էինք սկսել աշխատել, կենսաբանական փորձաքննության ամերիկյան լաբորատորիայից իմ գործընկերը ասաց, որ մենք այնքան գործ կունենանք, որ չենք հասցնի անել։ Ես նրան չհավատացի։ Բայց հիմա հենց այդպես է։ Վերջին 5 տարիներին մեր անձնակազմը կրկնապատկվել է, իմ բաժնում հիմա աշխատում է 20 մարդ, որոնցից 11-ը փորձագետներ են, մնացածը ՝ լաբորանտներ։ Բայց մենք շատ աշխատանք ունենք, որը չենք հասցնում անել 30 աշխատանքային օրերի ընթացքում։ Եթե մեկ գործի համար պետք է հետազոտել 2-3 նյութական ապացույց, դա միանգամայն հնարավոր է հասցնել 30 օրում, բայց եթե ապացույցները 100-150-ն են, ինչպես լինում է բարդ քրեական գործերում, մեզ համար դժվար է հասցնել պայմանագրում նշված ժամկետում»,- ասում է մասնագետը։

Փորձագետի խոսքով՝ Վրաստանում ԴՆԹ փորձաքննությունը ակտիվ օգտագործվում է ոչ միայն «սովորական» քրեական գործերում, այլեւ թմրադեղերի մաքսանենգության դեմ պայքարում։ Շատ հաճախ հայտնաբերված թմրադեղերի վրա մնում է կենսաբանական նյութ, որը հետազոտելով կարելի է ապացուցել կասկածյալների առնչությունը մաքսանենգությանը։