Եթե Հայաստանն ուզում է քայլել ժամանակին համընթաց, անհրաժեշտ է այստեղ ներդնել այն բոլոր լավ բաները, որոնք կան արեւմտյան առողջապահական համակարգերում, այդ թվում բժիշկների դասակարգումը։ Արեւմտյան բազմաթիվ երկրներում բժիշկները բաժանվում են երեք կատեգորիաների՝ ռեզիդենտներ, մասնագետներ ու խորհրդատուներ, ու վատ չէր լինի, եթե Հայաստանում էլ ներդրվեր նույնպիսի դասակարգում։ NEWS. am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել նեոնատոլոգ Հովհաննես Ղազարյանը։
Նա մեկ տարի աշխատել է Սաուդյան Արաբիայի կլինիկաներից մեկում, որտեղ բժիշկների աշխատանքը կազմակերպված է նույն ձեւով, ինչպես Արեւմուտքում, ու որտեղ բժիշկները դասակարգվում են վերոնշյալ երեք կատեգորիաներով։ Կոնսուլտանտը կամ խորհրդատուն համարվում է ամենաբարձր կատեգորիայի բժիշկը, ու հենց նա է պատասխանատու հիվանդի համար։ Նա որոշում է հիվանդի բուժման մարտավարությունն ու անհրաժեշտության դեպքում նա է խոսում հիվանդի ազգականների հետ ու պատասխանատվություն կրում անցկացված բուժման համար, անկախ նրանից, թե ինչ արդյունք է այն տվել։ Մասնագետները ու ռեզիդենտներն օգնում են կազմակերպել հիվանդի բուժումը ու կատարում են կոնսուլտանտի հանձնարարությունները։
Հայաստանում , ինչպես նշեց Հովհաննես Ղազարյանը, բժիշկների նման դասակարգում չկա (կան միայն բաժանմունքի վարիչներ ու «հասարակ» բժիշկներ) ու արդյունքում, եթե հիվանդի բուժման ժամանակ ի հայտ են գալիս խնդիրներ, սովորաբար պատասխանատվությունը բարդվում է «ամենամեղավորի» վրա, որը կամ չի մասնակցել հիվանդի բուժման մարտավարության մշակմանը կամ էլ առհասարակ չպետք է զբաղվեր այդ հիվանդի բուժմամբ։
Մասնագետի խոսքով՝ արեւմտյան երկրներում բժիշկների պարտականությունները, պատասխանատվությունն ու սահմանափակումները կախված են հենց կատեգորիայից։ Դրանից է կախված նաեւ նրանց աշխատավարձը ու այն, թե շաբաթական քանի ժամ պետք է նրանք աշխատեն։
«Ես համարում եմ, որ եկել է ժամանակը Հայաստանում նույնպես ներդնել բժիշկների կատեգորիաների համակարգը։ Դա կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչի համար է պատասխանատու բաժանմունքի յուրաքանչյուր բժիշկը ու ինչու է նա ստանում հենց նման աշխատավարձ, իսկ հիվանդներն էլ ավելի լավ կհասկանան, թե որ բժշկից պետք է բացատրություններ պահանջեն,- ասում է Հովհաննես Ղազարյանը,- եթե մեր երկիրն ուզում է աշխարհին համընթաց քայլել, եթե մենք ուզում ենք ունենալ լավ, ժամանակակից բժշկություն, մենք պետք է փոխառենք ու արագ մեզ մոտ ներդնենք այն դրական բաները, որոնք կան այլ երկրներում՝ հատկապես Եվրոպայում ու ԱՄՆ-ում»։






