«Ապացուցողական բժկություն» բառակապակցությունը շատերն են լսել, սակայն ոչ բոլորը գիտեն ինչ է դա, ում եւ ինչի համար է այն անհրաժեշտ:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում թերապեւտ, թունաբան, գիտական բլոգեր Ալեքսեյ Վոդովոզովը (Ռուսաստան) նշել է, թե որոշ մարդիկ կարծում են, որ ապացուցողական բժշկությունը նոր ուղղություն է բժշկության  մեջ: Մյուսները կարծում են, որ այն բժշկության մեջ սկեպտիկ ռադիկալիզմի պես մի բան է, որն ընդունում է միայն այն, ինչն ապացուցվել է եւ մերժում է մնացած ամեն ինչը:

«Իրականում ապացուցողական բժշկությունը ուղղություն չէ, այն ուղղակի գործիք է, որը բժշկությունը արվեստից վերածում է գիտության», - ասել է Վոդովոզովը:

Մինչեւ 20-րդ դարի կեսերը բժշկությունը միայն արվեստ էր. ախտորոշման ու բուժման համար շատ բան կախված էր բժշկի արհեստավարժությունից եւ փորձից: Ախտորոշման  ու բուժման համար միասնական մոտեցումներ չկային. յուրաքանչյուր դպրոց ուներ իր մոտեցումները եւ այդ դպրոցների հետեւորդները հաճախ թեժ վեճեր էին ունենում՝ պնդելով իրենց մեթոդների արդյունավետությունը:

Այս ամենն, իհարկե, բոլորովին չէր նպաստում հիվանդի բուժման որակի բարելավմանը:

Ապացուցողական բժշկության  կենտրոնում հիվանդն ու իր շահերն են. ապացուցողական բժշկության  մոտեցումները ենթադրում են կանխարգելիչ, ախտորոշիչ եւ բուժական միջոցառումների գործածում՝ ելնելով նրանց արդյունավետության եւ անվտանգության ապացույցներից:  Այդ ապացույցները որոնվում են, համեմատվում, ընդհանրացվում  եւ հիվանդների շահերից ելնելով՝ օգտագործման համար լայն տարածում են գտնում:

Վոդովոզովի կարծիքով՝ «ապացուցողական բժշկությունը» անգլերենից այնքան էլ ճիշտ չի թարգմանվել:  «Evidence-based medicine»՝ այսինքն  փաստերի, գիտական գիտելքի եւ ապացույցների վրա հիմնված բժշկություն:

Այդպիսիք կարելի է համարել որակյալ, իսկ ամենակարեւորը  վերարտադրվող հետազոտությունների ընթացքում ձեռք բերված գիտելիքները:

Վերարտադրելիության ճգնաժամը, Վոդովոզովի խոսքով, ժամանակակից գիտության եւ բժշկության լրջաագույն խնդիրներից է: Նախկինում արված հետազոտությունների արդյունքներն այսօր չի հաջողվում վերարտադրել: Դրա պատճառներից մեկը տեխնոլոգիաների զարգացումն է, անցյալի համեմատ ավելի զգայուն, ավելի ճշգրիտ սարքավորումների առկայությունը:

«Պայմանականորեն, մենք այսօր կարող ենք, օրինակ, կաթի մեջ ուրան հայտնաբերել: Ոչ թե կաթը վարակված է ուրանով, այլ որովհետեւ սարքավորման զգայունությունն այնքան բարձր է, որ այն կարող է անգամ նյութի չնչին քանակը հայտնաբերել»,-նշել է մասնագետը: 

Ժամանակակից սարքավորման շնորհիվ մենք սկսում ենք ավելի ճշգրիտ որոշել ամենատարբեր ցուցանիշները եւ պարզվում է, որ նախորդ հետազոտությունների ընթացքում ստացված ցուցանիշները ճիշտ չեն եղել: Դա մեթոդիկայի սխալ է եղել:

Օրինակ դեռ 80-ականներին, երբ Վոդովոզովը համալսարանում էր սովորում, ստամոքսի եւ 12-մատնյա աղիքի խոցի հիվանդությունը վիրահատական ճանապարհով էր բուժվում:

Բժիշկները գաղափար չունեին այս հիվանդության զարգացման պատճառների մասին եւ այն բուժում էին՝ հատելով ստամոքս տանող թափառող նյարդի ճյուղերը, փորձում էին նվազեցնել  արտադրվող թթվի քանակությունը, փոքրացնում էին ստամոքսի ծավալը:

Բնական է, այսպիսի վիրահատություններից հետո խոցը կրկնվում էր, քանի  որ բուժման այս մեթոդը հիվանդության սկզբնապատճառը չէր վերացնում:

Ավելի ուշ պարզվեց, որ խոցը վարակիչ հիվանդություն է, նրա հարուցիչը  Helicobacter pylori բակտերիան է:

Այս բացահայտման համար 21-րդ դարում երկու ավստրալացի գիտնականներ՝ Ռոբին Ուորենը եւ Բարի Մարշալը, Նոբելյան մրցանակ ստացան:

Ապացույցի համար նրանցից մեկը՝ Բարի Մարշալը,  անգամ ստիպված եղավ այդ բակտերիաների կուլտուրան  խմել , գաստրիտ ստանալ եւ այնուհետ հակաբիոտիկների օգնությամբ բուժվել:

«Նա ապացուցեց իր ճշմարիտ լինելը ակցիայի միջոցով, ինչպես այդ նախկինում անում էին շատ բժիշկների սերունդներ՝ Կոխը, Վիրխովը եւ այլք: Նրանք նույնպես իրենց վրա էին փորձում նյութերը, որպեսզի ապացուցեին, որ ճիշտ են», - ասել է Վոդովոզովը:

Այսօր, խոցային հիվանդության պատճառները եւ մեխանիզմները հասկանալու շնորհիվ, այն բացառապես թերապեւտիկ հիվանդություն է համարվում, որը հաջողությամբ բուժվում է հակաբիոտիկներով : 

Այս օրինակը հիվանդությունների բուժման եւ ախտորոշման համար ճշգրիտ, համարժեք եւ գիտական գիտելքիների կարեւորությունն է ցույց տալիս:

Վոդովոզովի խոսքով՝ ապացուցողական բժշկությունը տալիս է գործիքներ, որոնց միջոցով կարելի է բուժման եւ ախտորոշման համար տարբեր մեթոդներն ու մոտեցումները համեմատել, դրանցից առավել արդյունավետը գտնել:

Նշենք, որ Ալեքսեյ Վոդովոզսվը Երեւանում  «Ապացուցողական բժշկութւուն. ոչ թե դոգմա, այլ գործողությունների ուղեցույց» դասախոսությունն է կարդացել: