Երեխան ու նրա ծնողները չեն կարողացել ինքնուրույն հանել այդ մագնիսներն ու դիմել են բժիշկների օգնությանը, առավել եւս որ երեխայի քթից արյուն էր հոսում։ Բժիշկներն առաջին անգամ էին նման դեպքի բախվում, բայց նրանք հնարամտություն են դրսեւորել ու մի քիչ մտածելուց հետո որոշել են այդ մագնիսի կտորները հանել այլ մագնիսների օգնությամբ։
Այդ դեպքի մասին զեկույցում, որը հրապարակվել է New England Journal of Medicine ամսագրում, ասվում է, որ հիվանդանոց ընդունվելու պահին տղան լացում էր, իսկ նրա քթից արյուն էր հոսում։ Սկանները ցույց են տվել երկու սկավառակաձեւ օտարածին սուբստանցիայի առկայություն, ընդ որում երկուսն էլ քթանցքերի մեջ նույն մակարդակի վրա էին գտնվում ։ Նման իրավիճակը պահանջում էր անհապաղ օգնություն, քանի որ մագնիսներն ու ցանկացած այլ իրեր կարող են ճնշել լորձարտադրությունը, ինչը կհանգեցներ նեկրոզի ու քթանցքերի պերֆորացիայի։ Այս դեպքում մագնիսներն արդեն սկսել էին քայքայել քթի կռճիկային մասերը։
Ի սկզբանե բժիշկները որոշել են մագնիսները հանել հատուկ գործիքների օգնությամբ, բայց չեն կարողացել։ Այդ ժամանակ տղային տարել են վիրահատարան ու ընդհանուր անեսթեզիայի տակ երկու լրացուցիչ մագնիս են տեղադրել երեխայի քթի տարբեր կողմերում։ Դրանց օգնությամբ շատ սահուն ու զգուշորեն հանել են քթանցքերի մեջ խրված մագնիսները։
Տղան ամբողջովին ապաքինվել է, ու դեպքից 6 ամիս անց, երբ ներկայացել է կանխարգելիչ զննման, վնասվածքներից այլեւս ոչ մի հետք չէր մնացել։






