ՀՀ ԱՆ Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը Փսորիազի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ նոյեմբերի առաջին 10-օրյակը հայտարարում է փսորիազի դեմ պայքարի օրեր, որի շրջանակներում կենտրոն դիմած բոլոր այցելուները բարձրակարգ մասնագետների կողմից կստանան անվճար խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն կլինիկական հետազոտություններ (ներառյալ դերմատոսկոպիա)` 20 % զեղչով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 29-ը նշվում է որպես Փսորիազի դեմ պայքարի միջազգային օր: Աշխարհում փսորիազով տառապում է մոտ 125 միլիոն մարդ:
Հայաստանում մասնագիտացած կենտրոնում տարեկան ստացիոնար բուժում է ստանում փսորիազի սրացման փուլում եւ բարդացած ձեւերի շուրջ 500 հիվանդ:
Փսորիազը (psoriasis vulgaris) բազմապատճառ, հաճախակի կրկնումների հակում ունեցող մաշկային խրոնիկական հիվանդություն է։ Այն կարող է սկսվել ցանկացած տարիքում, չբացառելով նաեւ վաղ մանկականը, բայց ամենից հաճախ ծագում է 16-25 տարեկան հասակում։ Այն սկսվում է սուր, մանր, վառ վարդագույն հանգույցիկների ցանավորումով, որի տարրերն արագորեն ծածկվում են արծաթասպիտակ թեփուկներով։
Հիվանդության բռնկումներն ավելի հաճախ առաջանում են աշնանն ու ձմռանը (ձմեռային ձեւ), զգալիորեն ավելի պակաս ամռանը (ամառային ձեւ) եւ ձգձգվում են տարիներ շարունակ, բայց չբուժվելու դեպքում փսորիազը կարող է բարդանալ հոդաբորբով, մաշկի տարածուն ցանավորումով, որը տարիների ընթացքում կարող է բերել հաշմանդամության եւ մի շարք` մասնավորապես սրտանոթային համակարգի հիվանդությունների զուգակցման դեպքում մինչեւ 60% բարձրացնում է մահացության հավանականությունը:
Փսորիազը հավասարապես տարածված է թե տղամարդկանց եւ թե կանանց շրջանում: Հիվանդության առաջացման գործում մեծ նշանակություն ունի մարդու նյարդահոգեբանական վիճակը, հատկապես տարատեսակ սթրեսներն ու տրավմաները, ինչպես նաեւ էնդոկրին համակարգի ֆունկցիոնալ խանգարումները: Պատճառային գործոններ են համարվում նաեւ նյութափոխանակության տարաբնույթ խախտումները, ֆերմետային խանգարումները, օրգանիզմի գենետիկ նախատրամադրվածությունը (hատկանշական է, որ այն կարող է արտահայտվել միայն նպաստավոր պայմանների առկայության պարագայում): Տարանջատվում է նաեւ իդիոպատիկ փսորիազը, որի առաջացման եւ զարգացման գործոններն անհայտ են:
«Բաց դռներին» մասնակցելու համար կամ լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 099 29 03 03, 010 35 02 41 հեռախոսահամարներով։







