«Աստղիկ» ԲԿ-ում պատրաստվում են  կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստման վիրահատությունների իրականացմանը։

NEWS.am Medicine –ի թղթակցին «Աստղիկ» ԲԿ-ի ընդհանուր վիրաբուժության ծառայության ղեկավար Արայիկ Ոսկանյանը հայտնել է, որ դեռ բարդ է որոշակի ժամկետներ նշել, սակայն ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա հաջորդ տարվա ընթացքում։  Հիմա  բուժկենտրոնի անձնակազմը ակտիվորեն պատրաստվում է դրան՝ վիրաբույժները սովորում են վիրահատությունների իրականացման տեխնիկան, մնացած անձնակազմը՝ նման հիվանդներին վարելու ու նրանց դիսպանսերային հսկողության առանձնահատկությունները։

Արայիկ Ոսկանյանը նշեց, որ Հայաստանը օրգանների փոխպատվաստման հարցում բավականին հետ է մնում, այսօր այն տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ, բացի երիկամից, այլ օրգանների փոխպատվաստում չի կատարվում ։ Խնդիրներից մեկը դիակային դոնորության մասին օրենքի բացակայությունն է։ Դրա համար էլ, նրա խոսքով, սկզբում կիրականացվի լյարդի աջ բլթի փոխպատվաստում կենդանի դոնորից։ «Դա տեխնիկապես բարդ վիրահատություն է։ Պետք է ճիշտ որոշել, արդյոք դոնորը չի տուժի, քանի որ, եթե մնացող ձախ բլթի ծավալը փոքր լինի, ապա դոնորի մոտ կզարգանա լյարդային անբավարարություն։  Պետք է միշտ հիշել, որ ցանկացած պարագայում դոնորի առողջությունը առաջնային է։

Վիրաբույժ Հայկ Հարությունյանը հավելել է, որ կենդանի ազգակցական դոնորից փոխպատվաստումը, թեկուզ եւ  դոնորի համար վտանգավոր է, բայց եւ այնպես ռեցիպիենտի կողմից լավ է ընդունվում, քանի որ նրան պատվաստում են առողջ, անվնաս օրգան, ու վանման ռիսկն այս դեպքում, հաշվի առնելով ազգակցական կապը, բավականին փոքր է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կենդանի դոնորներից լյարդ ստացած ռեցիպիենտների ապրելիությունը ավելի բարձր է, քան դիակային օրգան ստացած հիվանդներինը։

Արայիկ Ոսկանյանը հայտնեց, որ «Աստղիկ» ԲԿ-ի բժիշկներն անցել են վերապատրաստում մի քանի բուժկենտրոններում։ Սկզբում Թայվանի համալսարանական հիվանդանոցում, որը լյարդի փոխպատվաստման մեծ փորձ ունի՝ մոտ 950 վիրահատություն, որոնցից 915-ը՝ կենդանի դոնորներից։ Հետո բժիշկները սովորել են Կազանի սիմուլյացիոն կենտրոնում ու Մոսկվայում։ Ներկայում  Մյունխենի եւ Հայդելբերգի համալսարանական կլինիկաների հետ  բանակցում են  այս ոլորտում համագործակցության ձեռքբերման համար։ Բաժանմունքի ղեկավարը հավելեց, որ «Աստղիկ» ԲԿ-ն ձգտում է օտարերկրյա կենտրոններից մեկի հետ այս հարցով մշտական համագործակցություն հաստատել, որպեսզի խնդիրներ ծագելու դեպքում հնարավորություն լինի  մշտապես խորհրդակցել տվյալ կենտրոնի հետ։ Ընդ որում, առաջին մի քանի վիրահատությունները, Արայիկ Ոսկանյանի խոսքով, «Աստղիկ» ԲԿ-ն կիրականացնի օտարերկրյա գործընկերների հետ համատեղ։

Խոսելով այն մասին, թե որքանով են նման վիրահատությունները պահանջված Հայաստանում՝ ծառայության ղեկավարը նշեց, որ ճշգրիտ թվեր չկան, բայց հեպատիտ C-ի ու դրան հաջորդող լյարդի ցիրոզի ու քաղցկեղի հետ կապված իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մոտ ժամանակներս կաճի լյարդի փոխպատվաստման կարիք ունեցողների թիվը։

Հայկ Հարությունյանը հավելեց, որ Հայաստանում լյարդի փոխպատվաստման ներդրումը շատ կարեւոր է, քանի որ հիմա դրա կարիքն ունեցող հիվանդները կամ մահանում են, կամ էլ վաճառում են իրենց ամբողջ ունեցվածքը ու մեկնում արտասահման բուժվելու։ «Աստղիկ» ԲԿ-ում վիրահատության արժեքը, բժիշկների խոսքով, զգալի  ցածր կլինի, քան արեւմտյան երկրներում։

Արայիկ Ոսկանյանը հավելեց, որ այս հարցով «Աստղիկ» ԲԿ-ի բժիշկները սերտ համագործակցում են «Արաբկիր» ԲԿ-ի բժիշկների հետ, որոնք Հայաստանում առաջինն են  իրականացրել երիկամի փոխպատվաստում, ու փոխպատվաստման հարցերով արդեն որոշակի փորձ ունեն կուտակած։