Հայաստանի ու Վրաստանի համար վահանաձեւ գեղձի հիվանդությունները էնդեմիկ են, դրա համար էլ դրանք ժամանակին ու ճշգրիտ ախտորոշելը, ինչպես նաեւ բուժման ճիշտ մարտավարությունը շատ կարեւոր են այդ երկրների համար։ Այս մասին «Վահանաձեւ գեղձի հիվանդությունների մուլտիդիսցիպլինար ախտորոշում» թեմայով կոնֆերանսի շրջանակում հայտնել են Հայկական հակաքաղցկեղային լիգայի փոխնախագահ Արամ Բադալյանն ու Թբիլիսիի «Ավերսի» կլինիկայի մասնագետ Նատալյա Շենգելիան։
Արամ Բադալյանի խոսքով՝ կոնֆերանսի հիմնական նպատակն է բարձրացնել առաջնային օղակի բժիշկների գիտելիքները վահանաձեւ գեղձի ախտորոշման մասին։ «Կան ժամանակակից մեթոդներ, դրանք պետք է կիրառել համապատասխան ալգորիթմով։ Բոլորը պետք է այդ մասին իմանան, որպեսզի նախ ճիշտ ախտորոշում կատարեն, ու երկրորդ՝ ընտրեն բուժման ճիշտ մեթոդ»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանում վահանաձեւ գեղձի կարցինոմայով հիվանդացությանը, ապա նրա խոսքով 2005-2006 թթ․ համեմատ այն կրկնակի բարձրացել է։ Բայց այս հարցում, նրա խոսքով, պետք է հաշվի առնել, որ հիմա հիվանդներն ավելի շատ են սկսել բժիշկների դիմել ու ախտորոշման ժամանակակից մեթոդների շնորհիվ քաղցկեղի բացահայտման դեպքերն աճել են։ Թիրախային խումբը կանայք են, տղամարդիկ 4-5 անգամ հազվադեպ են բախվում այդ խնդրին։
Նատալյա Շենգելիան նշեց, որ Վրաստանում կանանց շրջանում վահանաձեւ գեղձի ուռուցքային հիվանդությունները երկրորդ տեղում են գտնվում կրծքագեղձի քաղցկեղից հետո։
Վրացի մասնագետը կոնֆերանսին կներկայացնի սցինտիգրաֆիայի ու հետվիրահատական յոդով խտորոշման մեթոդները։ «Քանի որ Հայաստանում չի կիրառվում յոդի իզոտոպով բուժման տեխնոլոգիան, մենք առավելագույնս տեղեկացնում ենք մեր հայ գործընկերներին այն մասին, թե ինչ ենք անում ու այս հարցում համագործակցում են նրանցից շատերի հետ»,- ասաց նա։
Հայաստանի ԱՆ գլխավոր ռադիոլոգ Գեղամ Աղաբեկյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ կոնֆերանսը շատ բովանդակալից է ու շատ գործնական։ Կոնֆերանսին հրավիրված են բոլոր մասնագետները, որոնք այս կամ այն չափով զբաղվում են վահանաձեւ գեղձի բուժումով՝ էնդոկրինոլոգներ, էնդոկրին վիրաբույժներ ու ռադիոլոգներ, որպեսզի նրանց ծանոթացնեն վանահաձեւ գեղձի ախտորոշման գործնական ռեսուրսներին։
Կոնֆերանսը կազմակերպել են Հայկական հակաքաղցկեղային լիգան ու Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիան։






