Բժշկության մեջ յուրաքանչյուր պաթոլոգիայի համար գոյություն ունի հետազոտության առանձին ալգորիթմ։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱՆ գլխավոր ռադիոլոգ Գեղամ Աղաբեկյանը, խոսելով վահանաձեւ գեղձի հիվանդությունների ախտոոշման ռադիոլոգիական մեթոդների մասին։
ՈւՁՀ
Վահանաձեւ գեղձի հիվանդությունների ախտորոշման համար գործածվող առաջին հիմնական մեթոդն ուլտրաձայնային հետազոտությունն է ու դեպքերի 95 տոկոսում այն սպառիչ տեղեկություններ է տալիս։
ՀՏ ու ՄՌՏ-ի համեմատ՝ ՈՒՁՀ-ն շատ ավելի հեշտ մեթոդ է, ավելի էժան է ու ստացված պատկերն էլ վահանաձեւ գեղձի ուսումնասիրության դեպքում շատ ավելի հստակ են, քան ՄՌՏ-ի կամ ՀՏ-ի ժամանակ։ Բայց ՄՌՏ-ն ու ՀՏ-ն գործածվում են որպես վահանաձեւ գեղձի հիվանդությունների ախտորոշման օժանդակ միջոցներ, նշեց մասնագետը։
ՄՌՏ ու ՀՏ
Մագնիսառեզոնանսային ու համակարգչային տոմոգրաֆիան ցուցված է այն դեպքերում, եթե վահանաձեւ գեղձում ախտորոշված է չարորակ ուռուցք ու կան կասկածներ ոսկրային ու մկանային հյուսվածքներում ու կրծքավանդակի օրգաններում մետաստազների մասին։
Սցինտիգրաֆիա
Վահանաձեւ գեղձի հետազոտության մեկ այլ օժանդակ մեթոդ է ռադիոիզոտոպային հետազոտությունը կամ սցինտիգրաֆիան։ Սովորաբար այն նշանակում են հանգույցների առկայությունը պարզելու ու դրանց ակտիվությունը գնահատելու համար։ Պրոցեդուրայի ընթացքում օրգանիզմի մեջ են ներարկում յոդի ռադիոիզոտոպեր կամ տեխնեցիում՝ այդ նյութերը կուտակվում են վահանաձեւ գեղձում։ Դրանից հետո, գամմա խցում իրականացվում է սկանավորում, ու ստացված տվյալները հաղորդվում են համակարգչին։
Էլաստոգրաֆիա
Էլաստոգրաֆիան ՈՒՁՀ-ի լրացուցիչ օպցիա է, այն ցույց է տալիս հանգույցների էլաստիկությունն ու կարծրությունը։ Որքան կարծր է հանգույցը, այդքան մեծ է չարորակ ուռուցքի հավանականությունը։
Գեղամ Աղաբեկյանի խոսքով՝ էլաստոգրաֆիան հնարավորություն է տալիս խուսափել ավելորդ բիոպսիայից, բայց չի փոխարինում դրան։ Եթե էլաստոգրաֆիան ցույց է տալիս չարորակ ուռուցքի հավանականություն, պարտադիր պետք է բիոպսիա անել։






