Հայաստանում բժշկական գենետիկայի ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է գենետիկների համար ներդնել կլինիկական ուղեցույցներ եւ հրահանգներ, ինչպես նաեւ նրանց գործունեությունը կարգավորող օրենքներ եւ ենթաօրենսդրական ակտեր ընդունել: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց գենետիկ, Tempus MedGen ծրագրի համակարգող Դավիթ Բաբիկյանը:

Նրա խոսքով՝ այս ամենի բացակայության դեպքում մասնագետներն առաջնորդվում են միայն սեփական պատկերացումներով եւ ցանկություններով, սակայն այսպես չպետք է լինի. բժշկական գենետիկայի ոլորտում աշխատող մասնագետների գործունեությունը պետք է ուեցույցներով կարգավորվի, ինչպես այլ մասնագիտությունների բժիշկների դեպքում: Հիմա մշակման փուլում են 55 մասնագիտությունների բժիշկների համար նախատեսվածուղեցույցները, սակայն բժշկական գենետիկան դրանց թվում չկա:

Դավիթ Բաբիկյանի կարծիքով՝ դրանից բացի օրենսդրական կարգավորման կարիք ունի նաեւ գենետիկ տեղեկություններին հիվանդների սահմանափակ հասանելիության հարցը: Հիվանդի գենետիկ անալիզի արդյունքները բժշկական փաստաթուղթ են, որոնց գաղտնիությունը, մասնագետի կարծիքով, պետք է հենց օրենքն ապահովի: Սակայն Հայաստանում բժշկական գենետիկային վերաբերող մի ամբողջ շարք հարցերի օրենսդրական կարգավորումը լուրջ մշակման կարիք ունի:

Մասնագետի կարծիքով՝ առանձնահատուկ ուշադրություն պետք է հատկացնել նաեւ այն հարցին, թե որ մասնագետները պետք է աշխատեն գենետիկ նյութով. հիմա որոշ լաբորատորիաներում գենետիկ հետազոտություններ են կատարում մարդիկ, որոնք գենետիկի կրթություն չունեն:

Այսօր Երեւանում ընթացող «Բժշկական գենետիկայի ազգային օր» համաժողովի ժամանակ Դավիթ Բաբիկյանը Tempus MedGen ծրագրի նպատակների վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ, որի արդյունքները երեկ՝ նոյեմբերի 3-ին են ամփոփել:

Մասնագետի խոսքով՝ 4 տարում, ինչ ծրագիրը շարունակվել է, Հայաստանում հաջողվել է ներդնել բժշկական գենետիկի մասնագիտությունը. այժմ բժշկական համալսարանի շրջանավարտները կարող են կլինիկական օրդինատուրա անցնել այս մասնագիտությամբ: Ծրագրի մյուս նպատակներից է Հայաստանում եվրոպական ստանդարտների ներդրումը եւ միջազգային համագործակցության խորացումը: