Շատ աղ ուտելու ցանկությունը կախված է թքում պարունակվող սպիտակուցներից։ Այս մասին ասված է Journal of Agricultural and Food Chemistry ամսագրում լույս տեսած հոդվածում։

Հետազոտության հեղինակները հայտնաբերել են, որ աղի նկատմամբ բարձր եւ պակաս զգայունությամբ մարդկանց մոտ թքի մեջ որոշ սպիտակուցների խտությունը տարբերվում է։ Հավանաբար, այս եզրակացությունը կօգնի նատրիումի ցածր պարունակությամբ մթերքները գրավիչ դարձնել այն մարդկանց համար, որոնց դրանք դուր չեն գալիս։

Գիտնականները կամավորներին խնդրել են գնահատել նատրիումի քլորիդի տարբեր լուծույթներում աղի մակարդակը։ Հետո կամավորներին բաժանել են 2 խմբի՝ կախված աղի նկատմամբ զգայունության աստիճանից։ Հեղուկային քրոմատագրության եւ մաս-սպեկտրոմետրիայի մեթոդներով մասնագետները մասնակիցների թքի մեջ մի քանի սպիտակուցների տարբեր խմբեր են գտել, որոնց խտությունը թքում տարբերվել է։

Էական տարբերություն են նկատել հանգստի վիճակում թքից վերցրած նմուշների մեջ՝ ի տարբերություն այն նմուշների, որոնք վերցրել են աղի լուծույթից հետո։

Աղի նկատմամբ զգայուն կամավորների մոտ հանգստի վիճակում թքի մեջ ավելի շատ էնդոպեպտիդազ է հայտնաբերվել։ Դրանք ֆերմենտներ են, որոնք ճեղքում են  պեպտիդային հանգույցները։ Հետազոտողների կարծիքով այդ ֆերմենտները կարող են մոդիֆիկացնել նատրիումային խողովակները, որի հետեւանքով բջիջներին ավելի շատ նատրիում է հասնում։ Կամ դրանք նպաստում են պեպտիդների առաջացմանը, որոնք ուժեղացնում են աղի համը։