Քաղցկեղային բջիջները կարելի է գտնել ու ոչնչացնել դինոզավրերի կործանման պատճառը դարձած աստղակերպից գոյացած մետաղի օգնությամբ։ Նման եզրակացության են հանգել բրիտանական Ուորիքի ու չինական Սուն Յաթսենի համալսարանների գիտնականները։ EurekAlert պորտալում գիտնականները հրապարակել են համատեղ հետազոտության արդյունքները։
Պարզվել է, որ իրիդիում քիմիական տարրը, որը երկնաքարային ապարների շարքին է պատկանում, արդյունավետ միջոց է ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարում։ Քաղցկեղային բջջի մեջ ներթափանցելու արդյունքում գոյանում է մեկ ատոմ թթվածին, որն էլ հենց ոչնչացնում է հիվանդ հյուսվածքները, չվնասելով առողջները։
Ընդ որում, գիտնականները գրում են, որ իրիդիումի ու օրգանական նյութերի խառնուրդը ներթափանցում էր չարորակ ուռուցքի բոլոր շերտերը ու սպանում այն։ Դա վկայում է այն մասին, թե որքան հեռանկարային է բուժման այս տեսակը։ Դեղորայքի ակտիվացումն ու ախտահարված օրգաններին հասցնելը իրականացվել է հատուկ բժշկական լազերի օգնությամբ։
«Իրիդիումը Երկիր է եկել աստղակերպի հետ՝ 66 մլն տարի առաջ, ու հիմա եկել է դրա համար բժշկական կիրառում գտնելու ժամանակը»,- հայտնել է Ուորիքի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Սեդլերը։ Գիտնականները հույս ունեն, որ շուտով կսկսվեն դեղամիջոցի կլինիկական փորձարկումները։






