2018-ի հունվարից Տուբերկուլյուզի դեմ պայքարի ազգային կենտրոնի հիվանդները կստանան պատրաստի ուտելիք ու խոհարարների ծառայությունների անհրաժեշտություն այլեւս չի լինելու։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ հիվանդների համար պատրաստի սնունդը հիվանդանոցի վրա ավելի էժան կնստի, քան այսօր աշխատող խոհարարների ծառայությունները։

Մինչեւ տարեվերջ հիվանդանոցը շարունակելու է աշխատել սովորական ռեժիմով, բայց շուտով կհայտարարվի մրցույթ, որի հաղթողը հունվարից հիվանդանոցին պատրաստի սնունդ կմատակարարի։

Խոսելով վիրահատական ու արտաթոքային բաժանմունքների միավորման լուրերի մասին՝ կենտրոնի ղեկավարը նշեց, որ դրանք ոչ մի հիմք չունեն՝ կենտրոնը շարունակելու է աշխատել այնպես, ինչպես նախկինում։

«Վիրահատական ու արտաթոքային բաժանմունքները գտնվում են տարբեր հարկերում ու ես չեմ հասկանում, թե որտեղից են սկիզբ առել դրանց միավորման մասին լուրերը։ Դրանք երկու տարբեր ծառայություններ են, յուրաքանչյուրն իր անձնակազմն ունի։ Բայց իրավաբանորեն դրանք մեկ ստորաբաժանման մեջ են գտնվում»,- նշեց տնօրենը։

Արմեն Հայրապետյանը նաեւ նշեց, որ կենտրոնի մոտ 80 աշխատակիցներ կրճատվելու են, քանի որ Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարի ոլորտում իրադրությունը բարելավվում է, ու հիվանդների՝ այդ թվում հոսպիտալացման կարիք ունեցողների թիվը տարեցտարի կրճատվում է։