Առողջապահական բյուջեի կրճատումը բացասաբար է անդրադառնում թե՛ առողջապահական համակարգի, թե՛ ընդհանուր երկրի վրա։ NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, ԱՀԿ ու ԵՄ տնտեսական ու դեղագործական հարցերով միջազգային փորձագետ Մովսես Արիստակեսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում առողջապահական ոլորտին հատկացվում է ՀՆԱ ընդամենը 1․4 տոկոսը կամ բյուջեի 6 տոկոսը, ինչը, միանշանակ, բավարար չէ։
«Որպեսզի մեզ մոտ լինի հենց առողջապահություն, այլ ոչ թե հիվանդապահություն, պետք է այդ ոլորտի վրա ծախսել ՀՆԱ առնվազն 5-6 տոկոսը, բյուջեի գոնե 10 տոկոսը։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել երկրում առողջապահության զարգացման մասին»,- նշեց Մովսես Արիստակեսյանը։
Նրա հաշվարկներով՝ Հայաստանում առողջապահական համակարգի վրա պետք է ծախսել առնվազն 200-220 մլրդ դրամ, սակայն հաջորդ տարվա բյուջեով նախատեսված է միայն 80․1 մլրդ դրամ, ինչը 5․8 մլրդ դրամով քիչ է, քան անցած տարի։
Մովսես Արիստակեսյանը նշեց, որ ըստ Սահմանադրության՝ Հայաստանը սոցիալական պետություն է, սակայն չգիտես ինչու միջոցների պակասի պայմաններում բյուջեում կրճատում են հենց սոցիալական ոլորտի՝ այդ թվում առողջապահական ծախսերը, իսկ ահա վարչարարական ծախսերը չեն կրճատվում։
«Հաջորդ տարի պետբյուջեի 15 տոկոսը հատկացվելու է վարչարարական ծախսերին, չնայած մենք ապրում ենք ազատ շուկայական տնտեսությամբ երկրում։ 1988-ին, երբ Հայաստանում տնտեսության կենտրոնական կառավարում էր ու բազմաթիվ տարբեր նախարարություններ կային, բյուջեի ընդամենը 3․5 տոկոսն էր հատկացվում վարչարարական ծախսերին»,- նշեց Արիստակեսյանը։
Նրա կարծիքով երկրում այսօր կան նախարարություններ, կառավարությանն առընթեր կազմակերպություններ ու զանազան հանձնաժողովներ, որոնք չեն արդարացնում դրանց մեջ ներդրված գումարները։






