Ուգանդայում գրանցվել է Մարբուրգ վիրուսի բռնկում, որը նման է Էբոլա տենդի վիրուսին։ Այսօրվա դրությամբ այդ վիրուսի դեմ դեղամիջոց չկա, իսկ դրանից մահացությունը կազմում է 88 տոկոս։ Առայժմ հիվանդացել է ընդամենը հինգ մարդ, սակայն փորձագետներն այդ իրավիճակը համարում են ծայրաստիճան տագնապահարույց՝ բռնկումը կարող է վերածվել համաճարակի, բացի դրանից արդեն մահացել է առնվազն երկու մարդ՝ քույր ու եղբայր։

Վիրուսը փոխանցվում է չղջիկների ու կապիկների խայթոցներով։ Մարդկանց շրջանում այն կարող է փոխանցվել այդ թվում արյան ու թքի միջոցով, նաև վարակված հագուստի կամ ներքնազգեստի միջոցով։ Վիրուսն առաջացնում է Մարբուրգ հեմոռագիկ տենդ։

Ուշ փուլերում ինֆեկցիան սուր ընթացք է ստանում ու կարող է ներառել դեղնախտ, պանկրեատիտ, քաշի կորուստ ու նեյրոհոգեկան ախտանիշներ, արյունահոսություն, հիպովոլեմիկ շոկ ու լյարդի հիվանդությունների հետ կապված՝ օրգանների աշխատանքի խանգարումներ։