Այսօրվա դրությամբ հայտնի է Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) մոտ 200 շտամ, ու դրանցից 4-ը համարվում են քաղցկեղածին. հայտնվելով օրգանիզմի մեջ՝ դրանք հանգեցնում են արգանդի վզիկի, կոկորդի ու տղամարդկանց սեռական օրգանների քաղցկեղի զարգացմանը։ Կանանց 90 տոկոսը կյանքի ընթացքում վարակվում է այդ վիրուսի մեկ կամ մի քանի շտամերով։ Այս մասին նոյեմբերի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է հանրային առողջապահության հարցերով մասնագետ Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ որոշ դեպքերում օրգանիզմն ինքնուրույն է հաղթահարում վիրուսը ու թույլ չի տալիս, որ այն վնասի առողջությանը։ Այլ դեպքերում վիրուսը, հատկապես եթե դա քաղցկեղածին շտամերից մեկն է, կարող է հանգեցնել ուռուցքային հիվանդությունների զարգացմանը։
Ոմանք վստահ են, որ կարող են պաշտպանվել այդ վիրուսից՝ հետեւելով անձնական հիգիենային ու օգտագործելով պահպանակ, բայց Արսեն Թորոսյանի խոսքով, ամեն ինչ այդքան հեշտ չէ։ ՄՊՎ-ը փոխանցվում է ոչ միայն սեռական ճանապարհով, ու նույնիսկ պահպանակը չի կարող ապահովել դրանից կատարյալ պաշտպանություն։ Վիրուսից կամ դրա հետ կապված խնդիրներից կարող է պաշտպանել միայն պատվաստումը, համարում է մասնագետը․ Գարդասիլ 4-ը, որը ծրագրում են ներդնել Հայաստանում, ուղղված է այդ վիրուսի 4 շտամերի դեմ, որոշ երկրներում հիվանդներին առաջարկում են անգամ Գարդասիլ 9, որը ապահովում է պաշտպանություն 9 շտամերից։
Մեկնաբանելով այն աղմուկը, որը Հայաստանում բարձրացել է Գարդասիլ պատվաստանյութի կիրառելու շուրջ, Արսեն Թորոսյանը նշեց, որ մարդկանց մտահոգությունը ոչ մի լուրջ հիմք չունի։ Պատվաստանյութի որակին նա ամենեւին չի կասկածում, քանի որ այն արտադրում է «Մերկ» ընկերությունը, որը կարմրուկի դեմ պատվաստանյութի արտադրողն է, իսկ այդ պատվաստանյութը միլիոնավոր կյանքեր է փրկել։ Ինչ վերաբերում է պատվաստանյութի անվտանգությանը, ապա մասնագետի խոսքով, այդ պատվաստանյութի ավելի քան 250 մլն չափաբաժին է արդեն ներարկվել աշխարհում, ու չի եղել թեկուզ մեկ դեպք, երբ պատվաստումը դառնար առողջական երկարաժամկետ խնդիրների պատճառ՝ եղել են միայն ալերգիկ ռեակցիաներ, որոնք տեսականորեն կարող են առաջանալ ցանկացած դեղորայքի նկատմամբ։ Իսկ այն լուրերը, որ պատվաստանյութը կարող է հանգեցնել հաշմանդամեցման կամ էլ անպտղության, իրականությանը չեն համապատասխանում, ասում է Թորոսյանը։
«Ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում մարդը պատվաստումից հետո հաշմանդամ է դարձել։ Այսինքն մարդը նորմալ քայլում էր, հետո Գարդասիլ ստանալուց հետո դադարե՞լ է քայլել։ Այդպե՞ս է եղել»,- հարցնում է Արսեն Թորոսյանը։






