Նրա խոսքով՝ որոշ ժամանակ անց մարդու մոտ կարող է ոչ միայն շնչառական օրգանների, այլեւ այլ օրգան համակարգերի բորբոքային ավելի լուրջ պրոցես զարգանալ, եւ հակաբակտերիալ միջոցներ ընդունելու անհրաժեշտություն կառաջանա, սակայն մարդն արդեն այս դեղամիջոցների նկատմամբ զգայուն չի լինի:
Մասնագետը NEWS. am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բրոնխիտի դեպքում, որը զարգանում է որպես վիրուսային ինֆեկցիայի բարդություն, հակաբակտերիալ դեղամիջոցների ընդունման անհրաժեշտություն չկա, համենայնդեպս՝ վարակվելուց հետո առաջին 3 շաբաթների ընթացքում: Իհարկե, դեպքեր են լինում, երբ, որպես վիրուսային ինֆեկցիա սկսված հիվանդությունն այնուհետեւ բարդանում է՝ դառնալով բակտերիալ, եւ այդ ժամանակ անհրաժեշտ է հակաբիոտիկներով բուժում, բայց դա կարող է որոշել միայն բժիշկը:
«Ինչո՞ւ չի կարելի վիրուսային ինֆեկցիայի ժամանակ հակաբիոտիկներ խմել: Որովհետեւ հարուցիչները տարբեր են: Հակաբակտերիալ միջոցները վիրուսների վրա ոչ մի ներգործություն չեն ունենում, դրանք ազդում են միայն բակտերիաների վրա»,- ասաց Նարե Մեսրոպյանը:
Ինչ վերաբերում է թոքաբորբին, ապա, թոքաբանի խոսքով, այս դեպքում արդեն միանշանակ հակաբակտերիալ թերապիա է պահանջվում, եւ ոչ միայն: Հատուկ ուշադրություն են պահանջում համակցված քրոնիկ հիվանդություններով տառապող տարեց հվանդները, մասնավորապես՝ դիաբետով, սիրտ-թոքային անբավարարությամբ եւ այլն:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք վարակի՞չ են բրոնխիտն ու թոքաբորբը, ապա Նարե Մեսրոպյանի խոսքով՝ վարակիչ է վիրուսային ինֆեկցիան, որը բրոնխիտ եւ թոքաբորբ է առաջացրել: «Այսպիսի հիվանդի հետ մերձ շփման դեպքում հնարավոր է վարակվել վիրուսային ինֆեկցիայով, բայց ոչ հենց բրոնխիտով ու թոքաբորբով: Եվ նույնպիսի կանխարգելում է պահանջվում, ինչպիսին գրիպի եւ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի դեպքում՝ հիվանդի մեկուսացում եւ հիգիենայի խիստ կանոնների պահպանում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ կրծքային վիրաբուժության բաժանմունքը վերջերս է բացվել Աստղիկ» ԲԿ–ում։ Այն ղեկավարում է հայտնի թոքային վիրաբույժ Գեւորգ Ոսկանյանը։ Բաժանմունքը հագեցված է կրծքավանդակի հիվանդությունների թերապեւտիկ ու վիրաբուժական բուժման համար անհրաժեշտ ամեն ինչով: Այստեղ գործնականում իրականացվում են աշխարհում կատարվող կրծքային բոլոր վիրահատությունները` հազվադեպ բացառությամբ:






