2017 թվականի սեպտեմբերին Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների 3 բռնկում, հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 3 դպրոցում 2017 թ սեպտեմբերի 14-23–ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է շիգելոզի բռնկում, որի ընթացքում հիվանդացել է 48 երեխա, նրանցից 37–ը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ–ում։ Բոլորը եղել են թիվ 3 դպրոցի առաջինից չորրորդ դասարանի աշակերտներ։

Աշակաերտների շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման հավանական պատճառը իրենց տրվող սնունդի երկրորդային աղտոտումն է, իսկ հիվանդության աղբյուրը՝ սննդի կառույցահատվածի 2 աշխատակիցները, որոնց լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է շիգելլա զոնե հարուցչի վարակակրություն։

Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում 2017 թ սեպտեմբերի 12–ից 23–ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկում, որի ընթացքում հիվանդացել է 12 բնակիչ, նրանցից 5–ը հոսպիտալացվել է Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում, 7–ը՝ Աշտարակի բժշկական կենտրոնում։

Սասունիկ համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների պատճառ է հանդիսացել վթարի արդյունքում համայնքին տրվող ջրի աղտոտումը։

Լոռու մարզի Մեծավան համայնքում 2017թ սեպտեմբերի 19-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության բռնկում, որի ընթացքում հիվանդացել է 37 բնակիչ, նրանցից 14–ը հոսպիտալացվել է Տաշիրի բժշկական կենտրոնում։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է խմելու ջրի մանրէական ցուցանիշների շեղում։ Հիվանդության պատճառը եղել է համայնքին տրվող խմելու ջրի աղտոտումը։

Ընդհանուր առմամբ 2017 թվականի սեպտեմբերին Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների 1394 դեպք, որից 445–ը Երեւանում, 949–ը՝ մարզերում։ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աղիքային վարակներով հիվանդացության թիվն աճել է մոտ 1.2 անգամ։