Ինձ մշտապես հետաքրքրել են կույր մարդու հնարավորությունների սահմանները, ասում է Հակոբ Կարապետյանը, որն ավարտել Երևանի  Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի հաշվապահության դասընթացը, եւ մենեջեր է աշխատելու այսօր՝ նոյեմբերի 15-ին, բացված սառնարանային տնտեսություն սոցիալական ձեռնարկությունում:

Սա Հակոբի յուրացրած առաջին մասնագիտությունը չէ եւ ոչ էլ առաջին աշխատավայրը: Կույրերի հատուկ դպրոցից հետո նա ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ունի նաեւ մերսողի դիպլոմ, լրագրող է աշխատել, տուրիստական ընկերություն է հիմնել, համացանցային ռադիո, ինչպես նաեւ համակարգչային հմտություններ է դասավանդում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց: Այս բոլոր մասնագիտությունները յուրացնելու ընթացքում Հակոբն, իր խոսքով, փորձել է հասկանալ կույր մարդու հնարավորությունների սահմանները: Այսօր նա վստահորեն պնդում է.«Մեր հնարավորություններն անսահման են»: «Անչափ կարեւոր է, թե ինչպիսի հնարավորություններ են ստեղծված հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար: Եթե հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ընտանիք-ուսումնական հաստատություն-աշխատավայր շղթայում բոլոր պայմանները ստեղծվեն, մենք կարող ենք ընդմիշտ հրաժեշտ տալ «հաշմանդամություն» բառին, եւ ընդմիշտ հրաժեշտ տալ դրանից բխող բացասական հետեւանքներին»,- ասում է նա:

Հակոբ Կարապետյանի բոլոր նախաձեռնությունները եղել են ոչ միայն հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար, նա մշտապես ձգտել է դրանց ներգրավել նաեւ առողջ մարդկանց, դրանք ինտեգրացիոն նախաձեռնություններ էին:

Նրա խոսքով՝ աշխատանքը ընդհանրապես մարդկանց, իսկ սահմանափակ հնարավորություններով մարդկանց մասնավորապես ինքնադրսեւորվելու, իրեն եւ ընտանիքը պահելու, ֆինանսապես անկախ լինելու հնարավորություն է տալիս: Հաշվապահի աշխատանքի համար Հակոբի համակարգչի վրա հատուկ ձայնային ծրագիր է տեղադրված, նույնպիսի ծրագիր է տեղադրված նաեւ նրա սմարթֆոնի վրա:

Նրա կինը՝ Հենրիետան, ում մանկական ուղեղային կաթված է ախտորոշված, տնտեսությունում կշեռքավար կաշխատի: «Ես քայլելու հետ կապված որոշ դժվարություններ ունեմ, բայց, միեւնույն է, շատ եմ քայլում, լեռներ եմ բարձրանում, ձիավարությամբ եմ զբաղվում: Ես ոչ մի խնդիր չունեմ, գուցե միայն այն, որ տգեղ եմ, կամ ես կասեի՝ յուրահատուկ արտաքին ունեմ, եւ միայն»,- ասում է նա՝ հանգիստ նայելով խցիկին եւ ժպտալով:

Տեսողության խնդիրներ ունեցող Վրեժ Մանուկյանը սառնարանային տնտեսությունում բանվոր կաշխատի, իսկ Արմինե Մելիքյանը, որը գաճաճությամբ է տառապում, տնտեսության հաշվետարը կլինի, սակայն նա հրաժարվեց լուսանկարվել:

Լիա Ղազարյանը մանկավարժություն է սովորել Իջեւանում, որից հետո մի շարք կարճաժամկետ դասընթացների է հաճախել, Երեւանի  Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում հաշվապահություն եւ ապահովագրական գործ է սովորել։ Նա նոր ձեռնարկությունում որպես պահեստապետ կաշխատի: «Ես աշխատանքի համար շատ հաստատությունների եմ դիմել, սակայն ինձ ոչ մի տեղ աշխատանքի չէին վերցնում իմ ֆիզիկական խնդիրների պատճառով, եւ սա կլինի իմ աշխատանքային առաջին փորձը, այսօր իմ առաջին աշխատանքային օրն է»,- ասում է նա:

Այսօր Երեւանի տարածաշրջանային քոլեջում բացված սոցիալական ձեռնարկությունը «Մասնագիտական կրթություն եւ զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» (Social Innovations for vocational Education and Employability of young people with disabilities, SIVEE) ծրագրի շրջանակում հիմնադրված երկրորդ ձեռնարկությունն է, որը Եվրամիության աջակցությամբ իրականացրել է Save the Children կազմակերպության երեւանյան գրասենյակը:

Առաջինը տպարան է, որն արդեն գործում է Արմավիր քաղաքի արվեստի պետական քոլեջում։ Ծրագրով նախատեսվում է բացել սոցիալական ձեռնարկություններ նաեւ Սիսիան, Եղեգնաձոր եւ Իջեւան քաղաքներում։

Ծրագրի շրջանակում ընտրվել է յոթ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, որոնցից հինգի հիմքի վրա ստեղծվել են սոցիալական ձեռնարկություններ։ Այդ ձեռնարկություններից յուրաքանչյուրում կաշխատի հաշմանդամություն ունեցող հինգ երիտասարդ, որոնք ընտրվել են կարճաժամկետ մասնակգիտական դասընթացներ անցած 282 շրջանավարտից։

Ինչպես բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Իրինա Մովսիսյանը, SIVEE-ի բյուջեն 15.2 մլն եվրո է կազմում: Նա նշեց, որ այսօր Հայաստանում շատերն աշխատում են իրենց որակավորմանը չհամապատասխանող պաշտոններում, միաժամանակ գործատուների 40 տոկոսը դժվարանում է անհրաժեշտ հմտություններով մասնագետներ գտնել: Նրա խոսքով՝ SIVEE-ի նման ծրագրերը կոչված են լրացնելու հմտությունների եւ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության բացը:

Կրթության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը նշեց, որ ինկլյուզիվությունը լուրջ փիլիսոփայություն է, ինչպես նաեւ ընդգծեց Հայաստանում մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի զարգացման անհրաժեշտությունը: Միջնակարգ մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը հավելեց, որ մասնագիտական կրթական հաստատությունները պետք է իրենց առեվտրային ձեռնարկությունները ստեղծելու հնարավորություն ունենան, ոչ միայն սոցիալական, եւ այս հարցն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում:

Save the Children-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը նշեց, որ 21-րդ դարը դադարել է ինդուստրիալ դար լինելուց, այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների դարն է, եւ սա էապես ընդլայնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց կրթություն ստանալու եւ աշխատանքային գործունեության հնարավորությունները: «Մենք պատասխանատու ենք կյանքի կոչելու դարի այս հնարավորությունները եւ դրանով ապահովելու մարդու կրթության, աշխատանքի եւ արժանավայել ապրելու իրավունքի իրականացումը»,- հավելեց նա:

Երեւանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի տնօրեն Կառլեն Հայրապետյանը նշեց, որ սոցիալական ձեռնարկության գաղափարախոսությունը համապատասխանում է եվրոպական, համամարդկային արժեքներին, քանի որ ուղղված է մեր հանրության անմրցունակ անդամներին աշխատանքով ապահովելուն:

Կառլեն Հայրապետյանը տեղեկացրեց, ու սառնարանային տնտեսության տարողությունը 40 տոննա է: Նա շեշտեց, որ ձեռնարկությունը կարող է արտադրական պրակտիկայի վայր դառնալ ոչ միայն սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար, այլ նաեւ քոլեջի մյուս ուսանողների:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա նշեց, որ իրենք արդեն առեւտրային մի շարք կազմակերպությունների հետ իրենց ապրանքը պահելու պայմանավորվածություն ունեն: Սա մի մոտեցում է: Երկրորդ՝ կարող են իրենք ապրանքը ձեռք բերել, այն պահել սառնարանում, հետո վաճառել: Շահութաբերության տեսակետից սա ավելի ձեռնտու տարբերակ է:

Նա նաեւ հավելեց, որ այս ձեռնարկության գործունեության հետ կապված օրենսդրական որոշ խնդիրներ կան, քանի որ քոլեջը պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, իսկ սոցիալական ձեռնարկությունը՝ շահույթ հետապնդող, եւ այս հարցերը դեռ պետք է քննարկվեն: Իսկ այս ձեռնարկության ստացած շահույթը կարելի է ուղղել քոլեջի մանկավարժների աշխատավարձի բարձրացմանը եւ նոր ծրագրերի իրականացմանը, հավելեց նա:

[gallery id=105]

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի