Ծննդաբերության ժամանակ այս կամ այն վախերի հանդիպում է գրեթե յուրաքանչյուր կին: Մեկը վախենում է, որ չի կարող լավ մայր դառնալ, մյուսը՝ որ երեխայի ծննդից հետո չի կարող վերականգնել արտաքին տեսքը: Հղիների ճնշող մեծամասնությունը, ինչպես հավաստում է  «Աստղիկ» բժշկական կենտրոնի մայրության դպրոցի հոգեբան Արեգնազ Ավետիսյանը, վախենում է ծննդաբերությունից, ավելի ճիշտ  ցավից, որն ամենայն հավանականությամբ սպասվում է իրենց:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հոգեբանը պատմել է, որ ծննդաբերությունից առաջ վախն իրականում խանգարում է հղիներին եւ նկատելիորեն դժվարացնում նրանց կյանքը. ոմանք միայն մտածում են, թե որքա՞ն ուժեղ ցավ է իրենց սպասվում եւ արդյո՞ք իրենք կկարողանան հաղթահարել այն, փոխարենը մտածելու, թե ինչպե՞ս պետք է դաստիարակեն երեխային: Շատերը համացանցում կարդում են ծննդաբերության մասին այլ կանանց պատմությունները, ինչը միայն խորացնում է իրենց սեփական վախերը:

«Ասոցացնել կամ համեմատել քեզ ուրիշների հետ՝ չի կարելի, հատկապես, եթե խոսքը վերաբերում է հղիության հարցերին, - պնդում է հոգեբանը: – Յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է եւ յուրաքանչյուր կնոջ հղիությունն անցնում է յուրովի: Եթե մեկի մոտ անտանելի ցավոտ ծննդաբերություն է եղել, դա բոլորովին չի նշանակում, որ Ձեզ մոտ էլ նույնն է լինելու: Չարժե այդպես տրամադրվել»:

Ծննդաբերությունից վախը եւ մյուս բոլոր հղիներին հատուկ վախերը «Աստղիկ» բժշկական կենտրոնի կին պացիենտները քննարկում են հոգեբանի հետ՝ մայրության հնգօրյա դպրոցի շրջանակներում, որի նպատակը ապագա մայրիկին հղիության, ծննդաբերության, կրծքով կերակրման եւ երեխայի խնամքի (այդ թվում նաեւ տարբեր իրավիճակներում առաջին օգնության ցուցաբերման) մասին գրագետ եւ ճշմարիտ տեղեկատվությամբ զինելն է:

Ամբողջ տեղեկատվությունը կանայք ստանում են մասնագետներից: Նրանց հետ աշխատում է գինեկոլոգ, նեոնատոլոգ, մանկաբույժ եւ հոգեբան: Անեսթեզիոլոգն, իր հերթին, ապագա մայրերին պատմում է էպիդուրալ անեսթեզիայի մասին եւ փարատում դրա մասին միֆերը:

Մասնագետների հետ պարապմունքներից բացի պացիենտները կարող են հաճախել «Աստղիկ» բժշկական կենտրոնի մայրության դպրոցի հղիների համար նախատեսված յոգայի դասերին, որոնք կօգնեն, որ մարմինը լավ վիճակում լինի եւ կնախապատրաստեն այն սպասվող ծննդաբերությանը: Անհրաժեշտության դեպքում կանայք նաեւ կարող են անհատական խորհրդատվություն ստանալ հոգեբանից:

Ինչպես նշել է Արեգնազ Ավետիսյանը, խմբակային դասընթացի ժամանակ նրանք հղիների հետ փոքրիկ «էքսկուրսիա» են անցկացնում դեպի բուժկենտրոնի ծննդաբերական բաժանմունք: Շատերին թվում է, թե դա տանջանքների խցի նմանվող ինչ-որ սարսափելի մութ շինություն է: Նրանք տեղում համոզվում են, որ «Աստղիկ» ԲԿ-ում դրանք լուսավոր ու հաճելի սենյակներ են, որոնցում վախեցնող ոչինչ չկա:

Նոր ծննդաբերած կանայք ապագա մայրիկներին  իրենց փորձն են պատմում՝ փարատելով անտեղի վախերը:

Նրանք նաեւ խաղային եւ արտ-թերապիա են անցնում, իսկ եթե կանանցից որեւէ մեկն ուզում է խմբում որեւէ հարց քննարկել, դա անպայման կազմակերպվում է:

Շատ կանայք, որոնք մայրության դպրոցում են ծանոթացել, շարունակում են ընկերությունը նաեւ ծննդաբերությունից հետո: Նրանցից շատերը պահպանում են կապը նաեւ հոգեբանի հետ, ժամանակ առ ժամանակ զանգահարում են, իրենց ու երեխայի մասին պատմում:

«Վերջերս մեզ մոտ մի կին էր եկել, ով ծննդաբերությունից շատ էր վախենում: Ծննդաբերելուց հետո նա անմիջապես զանգահարեց ինձ, ասաց, որ նույնիսկ դեռ հարազատներին չի զանգել, իսկ ինձ ցանկանում էր հաղորդել , որ ես ճիշտ էի ու ամեն ինչ շատ լավ է անցել: Ես այնքան զգացված էի…» - հիշում է հոգեբանը: