Եթե մարդն ուզում է մազերը կտրել, գնում է վարսավիրի մոտ, այլ ոչ թե գրող-հրապարակախոսի։ Եթե նրան պետք է ատամը բուժել, գնում է ատամնաբույժի մոտ, այլ ոչ թե տնտեսագետի կամ վերլուծաբանի։ Բայց երբ հերթը պատվաստումներին է հասնում, մարդիկ չգիտես ինչու, լսում են ոչ թե բժիշկներին, այլ գրող-հրապարակախոսներին, վերլուծաբաններին եւ տնտեսագետներին։ Այս մասին նոյեմբերի 23-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է հանրային առողջապահության մասնագետ Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում մարդու պապիլոմայի վիրուսի դեմ Գարդասիլ պատավաստանյութի դեմ ակտիվ պրոպագանդա տանող մարդիկ բժշկական կրթություն չունեն եւ լավ չեն պատկերացնում, թե ինչ է պատվաստանյութը, ինչպես է այն աշխատում եւ ինչի համար է պետք։  Դրա փոխարեն նրանք ապատեղեկատվություն են տարածում այն  մասին, որ պատվաստումը հայ ժողովրդի դեմ դավադրություն է։

«Ամենահետաքրքիրն այն է, որ հայու գենի դեմ դավադրությունների մասին խոսում են այն մարդիկ, որոնք գաղափար չունեն, թե ինչ բան է գենը,- ասաց Թորոսյանը։- Նրանք աբսուրդ հայտարարություններ են անում այն մասին, որ Գարդասիլը թույն է, որը ինչ-որ բան է պարունակում հայու գենի դեմ։ Չգիտես ինչու, այդ նույն Գարդասիլը ոչինչ չի պարունակում վրացու, մոլդովացու գեների դեմ, որոնք հիմա  նույնպես սկսել են այդ պատվաստանյութը կիրառել իրենց ազգային ծրագրում»։

Արսեն Թորոսյանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Գարդասիլի դեմ այդքան ակտիվ հանդես եկող մարդիկ նույն ակտիվությամբ դեմ են հանդես գալիս ընտանեկան  բռնության մասին օրենքին  եւ ԳՄՕ պարունակող մթերքներին։ Ավելին՝ Այդ մարդկանց մեծ մասը անգամ Հայաստանում չի ապրում։

«Նրանց ապակառուցողական գործունեությունը ես աբսուրդ եմ համարում։  Դա իրոք ազգային անվտանգության դեմ ապակառուցողական է, չէ՞ որ կնոջ մահը ազգային անվտանգության հարց է։ Եթե մենք կանխում ենք կնոջ մահը, ինչպե՞ս կարելի է դրան դեմ լինել։ Նրանք ուզում են, որ մարդիկ մահանա՞ն»։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ Գարդասիլին դեմ հանդես եկող մարդկանց փաստարկները առնվազն ծիծաղելի են, քանի որ որպես ապացույց՝ նրանք Youtube-ից տեսանյութեր են բերում։

«Դա նույնն է, թե Youtube-ից տեսանյութ ներկայացնել՝ ապացուցելով, թե երկիրը տափակ է։ Եկեք քննարկենք դա․ միգուցե պարզվի, որ Երկիրն, իրոք, տափակ է»,- ասաց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութը դեկտեմբերին կներդրվի Հայաստանում։ Հայաստանում կպատվաստեն 13 տարեկան աղջիկներին: Որոշ մարդիկ սոցցանցերում պնդում են, թե պատվաստանյութը վտանգավոր է հայ աղջիկների համար, իսկ առողջապահության հ ամակարգի ներկայացուցիչները հերքում են այդ լուրերը՝ ասելով, որ իրենց երեխաներն ու թոռներն առաջինն են ստանալու Գարդասիլ պատվաստանյութը, որպեսզի ապացուցեն դրա անվտանգությունը։