ՄՊՎ-ի դեմ պատվաստումը եւ ՊԱՊ թեստերը լրացնում են միմյանց, այլ ոչ թե բացառում: Արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պայքարում անհրաժեշտ է կիրառել ե՛ւ պատվաստումը, ե՛ւ սքրինինգային թեստերը, հաստատում է հանրային առողջապահության մասնագետ Արսեն Թորոսյանը:
«ՊԱՊ թեստերը ոչ ոք չի արգելել: Եթե մենք պայքարում ենք արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ եւ հասանելի զենք գոյություն ունի, որը կարող է դիպուկ հարվածներ հասցնել, ինչու՞ չկիրառել այն: Պատվաստումը տվյալ դեպքում հենց այդպիսի զենք է», - նշել է նա:
Ըստ նրա՝ վերջերս արված որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ պատվաստված կանայք կարող են ավելի հազվադեպ ՊԱՊ թեստեր անել, քան չպատվաստված կանայք: Սակայն հրաժարվել այդ թեստերից նպատակահարմար չէ ոչ պատվաստված, եւ ոչ էլ չպատվաստված կանանց համար: Պատվաստումը կարող է պաշտպանել արգանդի պարանոցի քաղցկեղից՝ ինչ-ինչ պատճառներով սքրինինգային թեստը բաց թողած կանանց:
ՊԱՊ թեստը՝ Պապինկոլաու քսուքը թեստ է, որի օգնությամբ հնարավոր է որոշել հեշտոցի կամ արգանդի պարանոցի նախաքաղցկեղային կամ քաղցկեղային բջիջները:
Այսօր այդ թեստը Հայաստանում անցկացվում է անվճար՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում: 2 ատրվա ընթացքում 112 000 կին այդ ծրագրի շրջանակներում անցել են ՊԱՊ թեստը եւ նրանցից 6,4 տոկոսի մոտ նորմայից շեղումներ են հայտաբերվել, 38 կանանց մոտ ինվազիվ քաղցկեղ է հայտաբերվել:
Մեծ Բրիտանիայի գիտնականների խոսքով՝ արգանդի պարբերաբար արվող ՊԱՊ թեստերը կարող են հազարավոր կանանց կյանք փրկել:
Սքրինինգային թեստերի կարեւորության մասին խոսել է նաեւ ամերիկացի բժիշկ Դիանա Հարփերը: Ըստ նրա՝ ԱՄՆ-ում արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության հարաբերությունը 100 000բնակչից 8-ն է՝ շնորհիվ սքրինինգային եւ վաղ հայտնաբերման հաջողված ծրագրերի. կնոջ մոտ նախաքաղցկեղային վիճակ հայտնաբերելով՝ նրան հաջողությամբ բուժում ենք, եւ այն քաղցկեղի չի վերածվում:
Հիշեցնենք, որ ՄՊՎ դեմ պատվաստումը նախատեսվում է Հայաստանում ներդնել դեկտեմբերին: Դրա նպատակը արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումն է, ինչն ամեն տարի Հայաստանում ախտորոշվում է շուրջ 300 կանանց մոտ:
Համացանցում որոշ մարդիկ պնդում են, որ հայ աղջիկների համար պատվաստումը վտանգավոր է, առողջապահության համակարգի ներկայացուցիչներն էլ հերքում են դա եւ հավաստում, որ իրենց աղջիկներն ու թոռնուհիներն առաջինը կպատվաստվեն Գարդասիլով, ինչը կօգնի ապացուցել այդ պատվաստանյութի անվտանգությունը:






