Ընթացիկ տարում Հայաստանում գրանցվել է մայրական մահացության միայն 2 դեպք, որոնցից մեկը կապ չուներ հիվանդի հղիության հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում մայրական մահացությունը տարեցտարի նվազում է. 2000 թվականին մայրական մահացության ինդեքսը եղել է 100 հազար կենդանածիններից 38, իսկ հիմա այն 3-4 անգամ նվազել է: Նրա խոսքով՝ 2016 թվականին գրանցվել է մայրական մահացության 12 դեպք, իսկ 2017-ին՝ 2: Այս կանանցից մեկը մահացել է իշեմիկ կաթվածի հետեւանքով (երբ նրան հիվանդանոց են հասցրել, նա արդեն մահացած էր), մյուսը՝ արյան կորստից, որը սկսվել է արյան ցածր մակարդելիության պատճառով:

Հայաստանի Առողջապահության նախարարության տվյալներով՝ 90-ական թվականներին երկրում գրանցվել է մայրական մահացության տարեկան 35-40  դեպք, 2014 եւ 2013 թվականներին եղել է մահվան 8-ական դեպք, 2010-ին՝ 10, 2015-ին՝ 5:

Ինչ վերաբերում է մանկական մահացությանը, ապա գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի խոսքով, 18 պրոմիլից (1990-ական թվականներ) այն նվազել է մինչեւ 6.3, այսինքն՝ գրեթե 3 անգամ:

«Պերինատոլոգիայի արդիական խնդիրները» գիտաժողովը, որն այսօր ընթանում է Երեւանում, այս տարի նվիրված է հեմոստազի խանգարումների խնդիրներին, որոնք հղիության եւ ծննդաբերության ժամանակ կարող են հանգեցնել ծանր բարդությունների, իսկ որոշ դեպքերում մահվան պատճառ են դառնում:

Հեմոստազը օրգանիզմի կենսաբանական համակարգն է, որը պահպանում է արյան հոսքի նորմալ հատկությունները (մածուծիկությունը, հոսելիությունը), կարգավորում է մակարդելիությունը, ինչպես նաեւ թրոմբների առաջացման եւ տարրալուծման պրոցեսները:

Հեմոստազի, կոագուլոպատիայի խանգարումներն առաջանում են արյան բարձր կամ ցածր մակարդելիության դեպքում եւ կարող են դառնալ թրոմբոզների, արյան զեղումների, հղիության բարդությունների, իշեմիայի եւ այլ բարդությունների պատճառ: