Սան Դիեգոյի Քալիֆորնիայի համալսարանի եւ Մասաչուսեթսի հոսպիտալի նեյրոկենսաբանները ԱՄՆ Պաշտպանության նախարարության Հեռանկարային հետազոտական նախագծերի վարչության (DARPA) ընդհանուր ղեկավարությամբ առաջին անգամ մարդու ուղեղի մեջ նեյրոիմպլանտ են պատվաստել, որը գեներացնում է էլեկտրամագնիսական ալիքները եւ այդ կերպ կարգավորում վարքն ու զգացողությունները:
Սարքը սքանավորում է ուղեղի էլեկտրամագնիսական դաշտը, վերլուծում այն, առանձնացնում ֆիզիոլոգիական տարբեր վիճակներին հատուկ պատերնները եւ էլեկտրամագնիսական տատանումներն այնպես գեներացնում, որպեսզի ուղեղի սեփական էլեկտրամագնիսական ակտիվության եւ իմպլանտի վերջնարդյունքը ստեղծի հանձնարարված բնութագրերով տատանումներ: Ենթադրվում է, որ սարքը կարող է օգտագործվել նյարդային խանգարումների բուժման համար, ինչպիսին են՝ դեպրեսիան եւ հետվնասվածքային խանգարումը:
Նման մոտեցումը կոչվում է «գլխուղեղի խորը խթանում» (deep-brain stimulation): Այն օգտագործում են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների որոշ ախտանիշների բուժման համար, ինչպիսին է Պարկինսոնի հիվանդությունը. խորը խթանման միջոցով էմոցիոնալ վիճակի վերահսկողության փորձերը մինչեւ հիմա խոստումնալից արդյունքներ չեն ունեցել: Տվյալներ կան այն մասին, որ ուղեղի առանձին գոտիների երկարատեւ խթանումը կարող է մեղմել ծանր դեպրեսիայի ընթացքը, սակայն այս թեմայով վերջին հետազոտությունը, որն անցկացվել է 90 տոկոս մասնակցությամբ, այսպիսի թերապիայի երկարաժամկետ էֆեկտներ չի հայտնաբերել:
DARPA-ում կարծում են, որ նեյրոիմպլանտը կարող է ավելի արդյունավետ լինել նախորդ տարբերակներից, քանի որ նախագծվել է հատուկ հոգեբանական խանգարումները բուժելու համար: Ուղեղը մշտապես խթանելու փոխարեն, հետադարձ կապով սարքը սեփական տարտանումները միայն այն ժամանակ կգեներացնի, երբ դա անհրաժեշտ լինի:
Նեյրոիմպլանտը դեռեւս փորձել են էպիլեպսիայով տառապող 6 հիվանդի վրա, որոնց ուղեղի մեջ նախկինում սարք են պատվաստել, որը հետեւում է էպիլեպսիայի նոպան սկսվելուն հատուկ ակտիվության պատերններին: DARPA-ն ծրագրում հեռանկարում այնպիսի նեյրոիմպլանտ ստանալ, որը կարող է օգնել ռազմական գործողությունների վետերաններին, որոնք տառապում են հետվնասվածքային խանգարումներով եւ դեպրեսիայով:
Առաջին փորձերի մասին գիտնականները պատմել են անցյալ շաբաթ Վաշինգթոնում անցկացված ԱՄՆ Նեյրոկենսաբանական միության ամենամյա համաժողովի ժամանակ:






