Մարդու պապիլոմայի վիրուսը (Human papillomavirus, HPV) պապիլոմավիրուսների ընտանիքի խումբ է, որը ներառում է ավելի քան 170 շտամ, որոնցից մի քանիսը քաղցկեղածին են եւ հանգեցնում են քաղցկեղի առաջացման։
Իսկ ուրիշ ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ այդ վիրուսից։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
99 տոկոս դեպքերում արգանդի վզիկի քաղցկեղի՝ հարթ բջջային կարցինոմայի պատճառը հենց ՄՊՎ-ն է։ 71 տոկոս դեպքերում խոսքը վիրուսիս 16 եւ 18 շտամերի մասին է։ Իսկ մյուս դեպքերում՝ ավելի պակաս տարածված շտամերի։
- 99 տոկոս դեպքերում սեռական պապիլոմաների պատճառը ՄՊՎ 6 եւ 11 շտամերն են
- 99 տոկոս դեպքերում ռեցիդիվ ապրող պապիլոմատոզի պատճառը ՄՊՎ 16 շտամն է
- 84 տոկոս դեպքերում հետանցքի քաղցկեղի պատճառը ՄՊՎ շտամերից մեկն է
- 70 տոկոս դեպքերում հեշտոցի քաղցկեղը զարգանում է ՄՊՎ-ի պատճառով
- 47 տոկոս դեպքերում տղամարդու արական սեռական օրգանների քաղցկեղը զարգանում է ՄՊՎ-ի պատճառով
- 40 տոկոս դեպքերում կանանց սեռական օրգանների քաղցկեղը զարգանում է այդ նույն վիրուսի պատճառով
- 36 տոկոս դեպքերում բերանոի խոռոչի քաղցկեղի պատճառը ՄՊՎ-ն է։
Գայանե Սահակյանը նաեւ նշեց, որ ՄՊՎ-ն ամենից հաճախ փոխանցվում է սեռական ճանապարհով, ինչպես նաեւ լորձաթաղանթի եւ մաշկից մաշկ շփման հետեւանքով, այսինքն՝ կենցաղային ճանապարհով վարակվելը նույնպես հնարավոր է։
Եթե մայրը վարակված է, հնարավոր է նաեւ ծննդաբերության ժամանակ երեխայի վարակումը։
Բացի այդ, ՄՊՎ-ն կարող է որոշ ժամանակ գոյություն ունենալ հանրային վայրերում՝ զուգարաններ, բաղնիքներ, լողավազաններ, մարզասրահներ, եւ մաշկի վրա քերծվածքների միջոցով անցնել մարդուն։ Պահպանակները միշտ չեն պաշտպանում ՄՊՎ-ից։
Վիրուսի ինկուբացիոն շրջանը երկար է տեւում․ այն մի քանի շաբաթից մինչեւ մի քանի տարի է տեւում։ Ճնշող մեծամասնության համար օրգանզիմն ինքն է պայքարում վիրուսի դեմ եւ ազատվում նրանից, սակայն այն դեպքերում, երբ իմունիտետը չի կարողանում հաղթել վիրուսին, հնարավոր է քրոնիկ ռեցիդիվ ապրող ընթացք՝ պրոցեսի հնարավոր մալիգնիզացիայով՝ կախված վիրուսի շտամից։
Հիշեցնենք, որ ՄՊՎ դեմ պատվաստումը նախատեսվում է Հայաստանում ներդնել դեկտեմբերին: Դրա նպատակը արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումն է, ինչն ամեն տարի Հայաստանում ախտորոշվում է շուրջ 300 կանանց մոտ: Գարդասիլ պատվասանյութը կպաշտպանի 16,18,6, 11 շտամերից։






