«Էրեբունի» ԲԿ-ում փրկել են խոշոր ավտովթարի հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած հիվանդի կյանքը, հայտնում է հիվանդանոցի կայքը։

Տուժածը` 1983-ին ծնված Ա.Ա․-ն 2017-ի հոկտեմբերի 18-ին՝ խոշոր ՃՏՊ -ից հետո, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման բաժանմունք հետեւյալ ախտորոշմամբ․

Պոլիտրավմա` կրծքավանդակի բութ վնասվածք, աջից ողերի կոտրվածք, թոքերի վնասվածք, ձախ ազդոսկրի փակ բազմաբեկորային կոտրվածք, ձախ ազդոսկրի վզիկի կոտրվածք տեղաշարժով, աջ ազդոսկրի փակ բազմաբեկորային կոտրվածք տեղաշարժով, երկու սրունք-թաթային հոդերի փակ վնասվածքներ , աջ թաթոսկրերի վնասվածքներ, հեմոռագիկ շոկ:

Լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ անցկացնելուց հետո (բազմաօրգան ԿՏ հետազոտություն, ներքին օրգանների սոնոգրաֆիա, ռենտգեն հետազոտություն եւ այլն) տուժածը ինտուբացվել է, անցկացվել է հակաշոկային եւ ինտենսիվ թերապիա: Սրունք-թաթային հոդերի շրջանում դրվել են գիպսակապեր եւ մեծ ոլոքի թմբկությունից կմախքային ձգում: Հիվանդը գտնվում էր Ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանի, Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Վիգեն Մարգարյանի, վնասվածքաբաններ Ռ.Խ. Այվազյանի եւ Գ.Ա. Բդոյանի, կրծքային վիրաբույժ Գ.Ս. Սողոմոնյանի, Անոթային եւ լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ա.Ս. Բադալյանի եւ Անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Լ.Մ. Գաբրիելյանի դինամիկ հսկողության տակ:

Աճող հիդրոթորաքսի կապակցույամբ կատարվել էր ձախ պլեւրալ խոռոչի դրենավորում: Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկ- վնասվածքաբաններ` Ռ.Խ. Այվազյանի եւ Գ.Ա. Բդոյանի մասնակցությամբ երկու փուլով անցկացվել են վիրահատան միջամտություններ։ Կատարվել է ազդոսկրերի օստեոսինթեզներ ինտրամեդուլյար ձողերով:

Բոլոր անցկացված միջոցառումների արդյունքում հիվանդի մոտ նկատվել է դրական դինամիկա, որից հետո՝ 2017-ի նոյեմբերի երեքին, նա տեղափոխվել է օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ շարունակել է բուժումը եւ անցել վերականգնողական կուրս: Սրունք-թաթային հոդերի գիպսային իմմոբիլիզացիաները շարունակվում են:

13.11.2017թ. հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից բավարար վիճակում՝ վնասվածքաբանի ամբուլատոր հսկողության տակ: Գիպսակապը հանելուց եւ ռենտգենյան պատկերները դիտարկելուց հետո խորհուրդ է տրվել քայլել հենակով:

Հարկ է նշել, որ նման տեսակի վնասվածքները հանգեցնում են ծանր հետեւանքների, անգամ մահացու ելք են ունենում: Սակայն, ճիշտ ժամանակին բուժօգնություն ցուցաբերելը, ինտենսիվ թերապիան եւ Էրեբունի ԲԿ-ի բժիշկների պրոֆեսիոնալիզմի եւ թիմային համաձայնեցված աշխատանքը օգնել են եւս մի մարդկային կյանք փրկել: