Վիտամին D-ի եւ կալցիումի պակասը երեխայի օրգանիզմում կարող է զարգացման լուրջ խնդիրների հանգեցնել, հավաստիացնում է Կոպենհագենի համալսարանի պրոֆեսոր, մանկական սննդաբան Քրիստիան Մյելգաարդը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է, թե ինչու են այդ նյութերն այդքան կարեւոր մանկական օրգանիզմի համար եւ արդյոք պետք է երեխային կալցիում եւ D վիտամին պարունակող սննդային հավելումներ տալ:

Կալցիումը կարեւոր հանքային նյութ է, որից կախված է երեխայի ոսկորների առողջությունը: Կալցիումի պակասից երեխայի ոսկորները թույլ կլինեն, իսկ երբ նա մեծանա, ոսկորների հիվանդությունների, այդ թվում օսթեոպորոզի վտանգն ավելի բարձր կլինի, քան ավելի ամուր ոսկորներով եւ կալցիումի նորմալ մակարդակով մարդկանց մոտ:

Վիտամին D-ն իր հերթին անհրաժեշտ է կալցիումի (եւ հանքային մի շարք այլ նյութերի)  յուրացման համար, այն կարգավորում է արյան մեջ հանքային նյութերի մակարդակը եւ դրանց հասանելիությունը ոսկրային հյուսվածքին եւ ատամներին: Այսպիսով, եթե նույնիսկ երեխայի օրգանիզմը բավականաչափ  կալցիում է ստանում, այն նորմալ չի յուրացվի՝ առանց D վիտամինի:

Այդ վիտամինը մեծ դեր ունի նաեւ շատ հորմոնների արտադրության եւ նյարդային համակարգի աշխատանքի կարգավորման գործընթացներում:

Մասնագետը նշել է, որ քանի որ կալցիումի եւ D վիտամինի պակասն այդքան վտանգավոր է երեխայի օրգանիզմի համար, շատ երկրներում խորհուրդ է տրվում դրանք երեխաներին տալ սննդային հավելումների տեսքով: Շատ՝ նույնիսկ արեւային երկրներում, 1-2 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում ամեն օր D վիտամին տալ կաթիլների տեսքով: Որոշ երկրներում այդ վիտամինի ընդունումը խորհուրդ է տրվում շարունակել մինչեւ 5 տարեկանը:

Ինչ վերաբերում է կալցիումին, ապա այստեղ շատ բան կախված է երեխայի սննդից եւ այն երկրից, որտեղ նա ապրում է: Եթե երեխայի սննդակարգում մշտապես առկա է պանիր եւ այլ կաթնամթերք, նրան կալցիումի հավելյալ քանակ ընդունել պետք չէ. կաթնամթերքը, հատկապես պանիրը, այդ հանքանյութի բավական մեծ քանակ է պարունակում: Սակայն, եթե երեխան ապրում է այնպիսի երկրում, որտեղ այդպիսի մթերքը հասանելի չէ, ապա կալցիումի տեսքով սննդային հավելումների ընդունումը կարող է օգնել խուսափել դրա պակասի հետ կապված խնդիրներից, հավաստում է մասնագետը: