Մարդու իմունային անբավարության վիրուսով (ՄԻԱՎ) առաջին անգամ ախտորոշված մարդկանց թիվը 2016-ին Եվրոպայում հասել է ամենաբարձր մակարդակի, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման եվրոպական կենտրոնի(ECDC) համատեղ զեկույցում։
ԱՀԿ եւ ECDC-ի տվյալներով, անցյալ տարի 160 հազար մարդ ՄԻԱՎ-ով վարակվել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 երկրներից, որտեղ ապրում է ավելի քան 900 միլիոն մարդ։ Դեպքերի մոտ 80 տոկոսը արձանագրվել է Արեւելյան Եվրոպայում։
«Դա մեկ տարում գրանցված ամենամեծ թիվն է։ Այսպիսի միտումների պահպանման դեպքում մենք մինչեւ 2030-ը ՄԻԱՎ համաճարակի տարածման կանխարգելման մեր նպատակին չենք կարող հասնել», –ասվում է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն դոկտոր Ժուժաննա Յակաբի հայտարարության մեջ։
«Ի պատասխան ՄԻԱՎ համաճարակի՝ Եվրոպան պետք է ավելին անի», – հայտարարել է ECDC տնօրեն դոկտոր Անդրեա Ամոնը։ Ըստ նրա՝ վարակվելու ենթադրյալ պահից մինչեւ ՄԻԱՎ ախտորոշումը միջինում երեք տարի է տեւում, ինչը «չափազանց երկար ժամկետ» է համարվում։
ԱՀԿ/ECDC զեկույցում հաղորդվում է, որ վերջին 10 տարիներին եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ ախտորոշման դեպքերի քանակը ավելացել է 52 տոկոսով՝ 100 մարդու հաշվարկով 2007-ին կազմելով 12, իսկ 2016-ին՝ մինչեւ 18,2 մարդ։
Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ում նկատվում է հիվանդության տեմպերի նվազում։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնում հայտնել են, որ ԱՄՆ-ում ՄԻԱՎ ունի շուրջ 1,1 միլիոն մարդ։
1980-ականներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը արագ աճել եւ իր գագաթնակետին է հասել 1992-ին, երբ, բժիշկների գնահատմամբ, այն ախտորոշվել է 78 հազար ամերիկացիների մոտ։ Այժմ այդ ցուցանիշը նվազել է երկու անգամ. տարվա մեջ ԱՄՆ-ում իր այդ հիվանդության մասին տեղեկանում է 40 հազար մարդ։
Ներկայումս աշխարհում շուրջ 37 միլիոն մարդ ՄԻԱՎ վարակակիր է համարվում։






