Երբ կառավարությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերող  որոշում է ընդունում, առանց վերջիններիս հետ խորհրդակցելու, հաճախ հայտնվում են ծրագրեր, որոնք ոչ մեկին օգուտ չեն բերում։ Որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը իսկապես փոխենք դեպի լավը, առաջին հերթին պետք է նրանց ներգրավվենք իրենց վերաբերող  որոշումների կայացման գործընթացում, պնդում է «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը։

Ըստ նրա՝ դեռ 10 տարի առաջ երկրում սկսեցին թեքահարթակներ կառուցել, որոնք իբր պետք է հեշտացնեին հաշմանդամության սայլակով մարդկանց տեղաշարժը։ Սակայն այդ թեքահարթակների մեծ մասն այնքան կտրուկ թեք էին, որ դրանցով վերուվար անելը ոչ միայն անհարմար, այլեւ վտանգավոր էր։ Իսկ պատճառն այն էր, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք պետք է այդ թեքահարթակներից օգտվեին, չէին մասնակցել դրանց իրագործման գործընթացին, չէին թեստավորել դրանք։

Այդպիսով, նշում է Ալավերդյանը, առանց այդ էլ սուղ միջոցները արդյունքում ծախսվել են անարդյունավետ ծրագրերի ու նախագծերի վրա, որոնք հետո անհրաժեշտ է եղել փոփոխության ենթարկել, օրինակ՝ նույն այդ թեքահարթակները։

«Ունիսոն» ՀԿ տվյալներով՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ իրենց վերաբերող որոշումներում մասնակցության ցուցանիշը 10 նիշանոց սանդղակում կազմում է 5,1։

Որպեսզի իրավիճակը շտկվի, « Ունիսոն» հասարակական կազմակերպությունը «Հանուն անկախ կյանքի» (Վրաստան) կոալիցիայի եւ Մոլդովայի Հաշմանդամների կազմակերպությունների միության հետ համատեղ՝ «Ներառումն իրականում» նախագծի շրջանակներում ներառականության քաղաքականություն են մշակել, որի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է ներգրավված լինեն իրենց վերաբերող բոլոր որոշումների ընդունման մեջ։

Ալավերդյանը նշել է, որ դա անշուշտ չի նշանակում, որ պետք է Հայաստանում գրանցված հաշմանդամություն ունեցող բոլոր 196 000 մարդկանց կարծիքը հարցնել։ Սակայն կան նրանց շահերը ներկայացնող  հասարակական կազմակերպություններ եւ ակտիվիստներ, եւ որոշումների ընդունմանը նրանց մասնակցությունը կօգնի երկրում իրավիճակը փոխել դեպի լավը։