Հայաստանում էլեկտրոնային առողջապահության եւ eHealth համակարգերի ներդրումը կօգնի բարձրացնել բուժծառայությունների որակն ու անվտանգությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։

Ըստ նրա՝ էլեկտրոնային առողջապահության ներդրումից հետո բժշկության մեջ շատ բան համեմատելի եւ վերահսկելի կդառնա: Այսպես, եթե պարզվի, որ բժիշկներից որեւէ մեկն այս կամ այն հիվանդության բուժման վրա շատ ժամանակ է ծախսում, ավելի շատ եւ ավելի թանկ դեղամիջոցներ է նշանակում եւ, ընդհանուր առմամբ, արձանագրություններին չի հետեւում, դա առիթ կլինի ներքին մոնիթորինգ անցկացնելու եւ իրավիճակը հասկանալու համար: Նախարարի կարծիքով դա բժշկությունն առավել արդյունավետ, որակյալ եւ անվտանգ կդարձնի:

Նախարարը նաեւ նշել է, որ էլեկտրոնային առողջապահության ներդրումը համակարգից չի հեռացնի տարիքով մեծ բժիշկներին, որոնք համակարգչով չեն կարողանում աշխատել: Նրանք գնահատելի փորձ ունեն, այդ պատճառով նրանց ժամանակ կտրվի, որպեսզի սովորեն կիրառել  eHealth համակարգերը: Իսկ նրանք, ովքեր չկարողանան սովորել, կլինեն բուժքույրեր, որոնք բոլոր տվյալները նրանց փոխարեն բազա կանցկացնեն: Սակայն, ըստ նախարարի, այդպիսիների թիվը բժիշկների ընդհանուր թվի 15 տոկոսից ավելին չի կարող լինել:

Նախարարը հիշեցրել է, որ էլեկտրոնային առողջապահությունը ծրագրվում է ներդնել 2018-ի վերջին՝ հաշվի առնելով, որ ոչ բոլոր բժիշկները կարող են արագ սովորել նոր համակարգով աշխատել, համակարգի լիակատար աշխատանքին  պետք է սպասել 2019-ի կեսերին:

Բուժանձնակազմի ուսուցումը էլեկտրոնային առողջապահության ներդրման հետ կապված միակ խնդիրը չէ: Հիշեցնենք, որ բժշկական շատ կենտրոններ գանգատվում էին eHealth համակարգի կոնցեսիոների հետ պայմանագրով հաստատված բարձր սակագներից, որից հետո Հայաստանի Առողջապահության նախարարությունը որոշեց սուբսիդավորել որոշ բժշկական կենտրոնների էլեկտրոնային առողջապահության համակարգի ծառայությունների համար վճարը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ նախարարը նշել է, որ սուբսիդավորման չափերն այժմ քննարկվում են՝ շրջանառությունից կախված որոշ կլինիկաներ կսուբսիդավորվեն 100 տոկոսով, իսկ մյուսները՝ 50 տոկոսով: Միջոցները վերցվելու են բյուջեի՝ Առողջապահության նախարարության գումարներից:

«Դա բյուջեի անիմաստ ծախս չէ: Յուրաքանչյուր դրամ, յուրաքանչյուր միլիոն, որն ուղղված է վերահսկողությանը, թույլ կտա ավելի ադեկվատ ծառայություններ կազմակերպել եւ արդյունքում կբարձրացնի կյանքի որակը», - ասել է նախարարը: