Նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանում 2017 թվականին գրանցվել է ՄԻԱՎ վարակի 315 նոր դեպք։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՁԻԱՀ–ի կանխարգելման հայկական կենտրոնի համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին ՄԻԱՎ–ի դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է 2014–ին (334)։ 2015–ին գրանցվել է 294 նոր դեպք, իսկ 2016-ին՝ 303։
Հայաստանում ՄԻԱՎ վարակի ամենաառաջին դեպքը գրանցվել է 1988–ին։ Մինչ օրս Հայաստանում գրանցված է ՄԻԱՎ վարակակիր 2865 հիվանդ։
Հայաստանում վարակը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով։ Ավելին՝ ՄԻԱՎ վարակի դեպքերի մեծ մասը այս կամ այն կերպ կապված է միգրացիայի հետ. ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող հայերի մոտ 70 տոկոսը եւ նրանց սեռական զուգընկերները վարակվել են Ռուսաստանում արտագնա աշխատանքի ժամանակ։ Հետաքրքիր է, որ ՄԻԱՎ–ով ապրող հայերի միայն 30 տոկոսն են կանայք, եւ նրանց ճնշող մեծամասնությունը վարակվել է հետերոսեքսուալ սեքսի ժամանակ։ Կանանց շրջանում այլ ճանապարհով, օրինակ, ներարկիչով թմրանյութեր օգտագործելու հետեւանքով վարակվելու դեպքերը եզակի են։
Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ ՄԻԱՎ վարակը երկար ժամանակ որեւէ կերպ չի դրսեւորվում։ Ոչ մի ախտանշան չունենալով՝ հիվանդները հաճախ չեն էլ հասկանում, որ վարակվել են։ Հայաստանում ՄԻԱՎ դրական կարգավիճակով մարդկանց հաշվարկված քանակը 3300 է։ Այսինքն՝ այս պահին երկրում կա մոտ 500 մարդ, որոնք վարակված են, բայց դեռեւս չգիտեն այդ մասին։ Շատ կարեւոր է գտնել այդ մարդկանց, որպեսզի նրանք սկսեն բուժում ստանալ եւ դադարեն տարածել հիվանդությունը։
ՄԻԱՎ վարակի բուժումը կարեւոր է ոչ միայն հենց հիվանդի համար, այլ նաեւ նրա շրջապատի։ Բուժման արդյունքում վիրուսի կոնցենտրացիան արյան մեջ պակասում է, ինչը նշանակում է, որ այն դադարում է մյուսների համար վարակիչ լինել։






