Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների կեսի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է ուշ փուլերում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ շատ հաճախ այդ հիվանդները բժշկի են դիմում այլ գանգատներով, իսկ արդեն հետազոտության ընթացքում հայտնաբերում է նաեւ ՄԻԱՎ:
Նրա խոսքով՝ ՄԻԱՎ-ի ուշ ախտորոշումը Հայաստանում հիմնական խնդիրներից մեկն է: ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշումը եւ հակառետրովիրուսային թերապիայի ժամանակին իրականացումը ՄԻԱՎ վարակակիրներին հնարավորություն է տալիս նորմալ կյանք վարելու, իսկ նրանց մոտ կյանքի միջին տեւողություն է գրանցվում: Ավելին, եթե բուժումը հաջող է ընթանում, նրանք այլ մարդկանց չեն վարակում:
Եթե ՄԻԱՎ–ը ուշ է հայտնաբերվում, վիրուսը ախտահարում է պացիենտի օրգանիզմը, եւ նա էլ, իր հերթին, վարակում է այլ մարդկանց:
«Մեր երկրում ՄԻԱՎ-ը հաճախ ախտորոշվում է բժշկի նախաձեռնությամբ, ով ինքն է առաջարկում պացիենտին հետազոտվել: Բայց մենք պետք է ձգտենք հասնել նրան, որ պացիենտները իրենց նախաձեռնությամբ անցնեն հետազոտություն, այդ դեպքում հնարավոր կլինի հիվանդության վաղ հայտնաբերումը», - նշել է փորձագետը:
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ միայն 2016 թվականին 165 պացիենտների մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, իսկ 1988 թվականից մինչ օրս գրանցվել է այդպիսի 1452 դեպք (նրանց թվում՝ 364 կին, 28 երեխա): 1988 թվականից մինչ օրս ՁԻԱՀ-ի հետեւանքով մահացել են 642 մարդ, որոնց թվում՝ 111 կին եւ 10 երեխա:






