Սիրելի շան ցատկից հետո ստացված՝ առաջին հայացքից  անհեթեթ թվացող քերծվածքը հանգեցրել է նրան, որ Բարրի Ուոլեսին, որը Մեծ Բրիտանիայից է,  արհեստական կոմայի մեջ են գցել: Այն անհրաժեշտ է եղել մահացու վտանգավոր սեպսիսի բուժման համար, որի ընթացքում ստիպված են եղել անդամահատել տղամարդու ոտնաթաթերը: Այժմ նրան ոտքերի անդամահատում է սպասվում:

Բարրի Ուոլեսը սկզբում նույնիսկ ուշադրություն չի դարձրել սիրելի կենդանու՝ ստաֆֆորդշիրյան թերյեր Հարվիի պատճառով իր ձեռքի մաշկին առաջացած քերծվածքին: Շունը պարզապես ողջունել է ընտանիքի՝ աշխատանքից վերադարձող ղեկավարին եւ, զգացմունքների տարափի տակ, ցատկել է նրա ձեռքերի մեջ՝ ճանկերով թեթեւակի քերծելով նրա մաշկը: Քերծվածքից քիչ քանակությամբ արյուն է հոսել, բայց Բարրին այն պարզապես փաթաթել է բժշկական թաղանթով՝ որեւէ վտանգի չսպասելով:

Սակայն մի քանի ժամ անց տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց ՝ անհետաձգելի օգնության բաժանմունք, քանի որ նրա ոտնաթաթերն ու քթի ու ականջների մի մասը սկսել է սեւանալ: Բժիշկները մահացու վտանգավոր սեպսիս են ախտորոշել, եւ ստիպված եղել անդամահատել 48-ամյա տղամարդու երկու ոտնաթաթերը: Այժմ նրան սպասվում է ոտքերի ամբողջական անդամահատում, ընդ որում վիրահատությունը նախատեսված է Ամանորին ընդառաջ:

Սեպսիս կարող է առաջանալ մարմնի ցանկացած հատվածի վարակվելուց, այն բերում է բազմաօրգան անբավարարության եւ ժամանակին չբուժելու դեպքում՝ մահվան: Անձամբ Բարրին հիշում է, որ շան քերծվածքը դատարկ բան էր թվում: Նա պատկերացնել անգամ չէր կարող, որ այդ ամենը այսքան սարսափելի ավարտ կունենա: Հարվին ընտանիքի սիրելի կենդանին էր արդեն 5 տարի եւ հաճախ էր ցատկում տերերի ձեռքերի մեջ:

Շան կծելուց մինչեւ շտապ օգնություն կանչելն, ընդհանուր առմամբ, տեւել է 23 ժամ: Բժիշկները երկար ժամանակ չեն կարողացել հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում տղամարդու հետ, քանի որ նա ամենեւին կենդանու հարձակման զոհի տեսք չի ունեցել: Երբ ախտորոշումը հաստատվել է, Բարրիին արհեստական կոմայի մեջ են գցել եւ սկսել են հզոր դեղամիջոցներ տալ:

Նրա խնդիրների պատճառ է  դարձել Capnocytophaga Canimorsus մանրէն, որը սովորաբար պարունակվում է շների ու կատուների թքի մեջ: Թեեւ այն կարող է արյան մանրէաբանական վարակ առաջացնել, դա շատ հազվադեպ է պատահում: Սակայն մարդու որոշ քրոնիկական հիվանդություններ վարակվելու հավանականությունն ավելի են մեծացնում: Մանրէները փոխանցվում են կծելու, ճանկռելու եւ նույնիսկ լիզելու միջոցով: Ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս 8 օրվա ընթացքում, բայց առավել հաճախ՝ հաջորդ օրը: