Ռուսաստանում ներկայումս 900 հազար ՄԻԱՎ վարակակիր է ապրում: Այդ մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ՄԻԱՎ վարակների խնդիրը չափազանց ակտուալ է մնում: Աշխարհում ՄԻԱՎ վարակակիր 37 միլիոն մարդուց 900 հազարն ապրում է մեր երկրում», - ասել է Սկվորցովան:

Ըստ նրա՝ աշխարհի շատ երկրներում արդեն բեկում է տեղի ունեցել, եւ այդ վարակի տարածվածության կրճատման միտում կա: Սակայն Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում այդ միտումը դեռ շարունակվում է, նշել է գերատեսչության ղեկավարը:

Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի շուրջ ՄԱԿ համատեղ ծրագրին հղմամբ, հաղորդել էր, որ Ռուսաստանը ՄԻԱՎ վարակով հիվանդացության դեպքերի թվով զբաղեցնում է երրորդ տեղը՝  ՀԱՀ-ից ու Նիգերիայից հետո:

Մամուկի ասուլիսի ընթացքում, որը կազմակերպվել էր «Պացիենտսկի կոնտրոլ» հասարակական շարժման կողմից, ասվել է, որ Ռուսաստանում հակառետրովիրուսային բուժում է ստանում պաշտոնապես գրանցված ՄԻԱՎ ունեցողների միայն մեկ երրորդ մասը (դա աշխարհում ամենավատ ցուցանիշներից մեկն է): Մարդիկ ամիսներ շարունակ առանց դեղամիջոցի են մնում աճուրդների տապալումների պատճառով, իսկ «մատչելի» դեղամիջոցների որակն այնպիսին է, որ շատերը թողնում են բուժումը՝ կողմնակի ազդեցություններին չդիմանալով: Դրա հետեւանքով, երկրում աճում է ՁԻԱՀ-ից մահացությունների թիվը: Ռուսական վիճակագրության  տվյալներով, 2016-ին հենց ՁԻԱՀ-ից մահացել է 18,5 հազար մարդ ( 2014–ին՝ 12 հազար, իսկ  2015-ին՝ 15 հազար): Սակայն ՄԻԱՎ վարակ ունեցողներից, ընդհանուր առմամբ, մահացել է 30 հազար մարդ: