Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն բժիշկներին կոչ է արել ապագա երեխայի սեռը ծնողներին չհայտնել։ Սերգեենկոն գտնում է, որ այս միջոցները անհրաժեշտ են սելեկտիվ աբորտներից խուսափելու համար:

Առողջապահության նախարարի խոսքով՝ անցյալ տարի Վրաստանում աբորտների թիվը զգալիորեն նվազել է: Սակայն, սեռով պայմանավորված հղիության ընդհատումների ճշգրիտ թիվը հնարավոր չէ պարզել։

«Շատ կարեւոր է հղիության ժամանակ երեխայի սեռը չբացահայտելը, քանի որ երբեմն, ցավոք սրտի, դա ազդում է ծնողների որոշման վրա, ինչը պարզապես անընդունելի է: Մենք առաջարկության մակարդակով արդեն երկար ժամանակ այս մասին խոսում ենք, բայց շատ քչերն են դրան հետեւում: Ցավոք, շատերը չեն հետեւում: Կարեւոր է, որ այս մոտեցումը պահպանվի բոլոր հղի կանանց պարագայում»,-ավելացրել է Վրաստանի առողջապահության նախարարը:

«Գրուզիա Online» գործակալությունը հաղորդում է, որ 1980-ական թվականներից ի վեր՝ Վրաստանում, ինչպես Հարավային Կովկասի մյուս երկրներում, նկատվում է տղաների ծնելիության աճ: 1990-2015 թվականների ընթացքում 31 400 աղջիկ չի ծնվել ծնողների տղա երեխա ունենալու ցանկության պատճառով: 2010-2014թթ.  տվյալներով, յուրաքանչյուր հարյուր աղջկան  բաժին է ընկնում 109 տղա (100-ին 104-ից 106 նորմայի պարագայում):

Պետք է նշել, որ խնդիրը արդիական է նաեւ Հայաստանում: Արդեն այսօր մինչեւ 20 տարեկան տարիքային խմբում տղաների թիվը 40 000-ով գերազանցում է աղջիկների թվին, իսկ 2060 թվականին, այս միտումների պահպանման դեպքում, կունենանք չծնված 93.000 աղջիկ: Սելեկտիվ աբորտների դեմ քարոզչության եւ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, վերջին տարիներին Հայաստանում իրավիճակը մի փոքր կարգավորվել է. այսօր երկրում ծնվող յուրաքանչյուր հարյուր աղջկան բաժին է ընկնում 108 տղա, այն պարագայում, երբ մի քանի տարի առաջ ամեն 100 աղջկա դիմաց 116 տղա էր ծնվում։ Ըստ «Վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում կատարված փոփոխությունների՝ հղիության 12-22-րդ շաբաթների ընթացքում, այսինքն՝ երբ հնարավոր է պարզել երեխայի սեռը, աբորտը թույլատրվում է միայն բժշկի ցուցմամբ: