Նախկինում հաշմանդամություն ձեւակերպած մարդը ստիպված էր բազմաթիվ փաստաթղթեր հավաքել առողջական վիճակի մասին, որպեսզի կարողանա բժշկասոցիալական փորձաքննություն անցնել։ Մոտ ապագայում, սակայն, Հայաստանում հաշմանդամության ձեւակերպման ընթացակարգը կբարեփոխվի, եւ հիվանդի մասին բոլոր տեղեկությունները հավաքված կլինեն էլեկտրոնային առողջապահության համակարգից։ Իսկ հիվանդն այլեւս ստիպված չի լինի զբաղվել փաստաթղթերով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սահիյանը։
Նրա խոսքով՝ մոտ ապագայում պլանավորվում է 2 նորամուծություն մտցնել. առաջին հերթին հիվանդի մասին բոլոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են բժշկասոցիալական փորձաքննության համար, կստացվեն էլեկտրոնային առողջապահության համակարգից։ Ո՛չ փորձագետները, ո՛չ հիվանդը այլեւս գործ չեն ունենա փաստաթղթերի հետ։ Երկրորդ հերթին կկիրառվի այսպես կոչված օգտագործման քարտ՝ փաստաթուղթ, որը տեղեկություն է պարունակում մարդու առողջության եւ ֆունկցիաների խանգարումների տեսակների մասին։ Այս տեղեկությունը փաստաթղթում կգրանցեն բժշկական կենտրոններից մեկի բժիշկները։
Փոխնախարարի կարծիքով նոր կարգը հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքում շատ բան կփոխի։ Նրանք այլեւս ստիպված չեն լինի «վազել» փաստաթղթերի հետեւից։ Իսկ բժշկասոցիալական փորձաքննությունը, նրա հավաստմամբ, կդառնա ավելի օբյեկտիվ եւ ազնիվ։
Այդ նորությունը, ինչպես նաեւ այլ հարցեր այսօր քննարկվել են հաշմանդամություն ունեցող մարդկանց ազգային հանձնաժողովի հերթական նիստում։ Նիստի շրջանակում ստորագրվել է նաեւ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ DEAFSKILLS միջազգային ասոցիացիայի միջեւ փոխըմբռնման հուշագիր։
Լրագրողների հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ աշխարհի շատ երկրներում այդ ասոցիացիան իրականացնում է ծանրալուր մարդկանց հասարակությանը ինտեգրելու ծրագրեր։ Ասոցիացիայի հետ համագործակցությունը, ըստ նախարարի, նոր հնարավորություններ է բացում Հայաստանում ծանրալուր մարդկանց համար, օգնում է ավելի լավ ինտեգրվել եւ նրանց համար լուծում է զբաղվածության խնդիրը։






