Երկար տարիներ շարունակ պետությունը ձեռք էր բերում սայլակներ ու լսողական ապարատներ եւ դրանք բաժանում հաշմանդամություն ունեցող անձանց: Նրանցից շատերը գոհ չէին այս համակարգից, այդ պատճառով այս տարի՝ սեպտեմբերի 7-ին, Կառավարության նիստում որոշում ընդունվեց, համաձայն որի՝ երկիրը պետք է անցնի այդ սարքերի ձեռքբերման վաուչերային համակարգի:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սայլակների եւ լսողական ապարատների տեսականին անընդհատ ընդլայնվել է, բայց, միեւնույն է, սահմանափակ է, ինչը անհնարին է դարձնում բոլոր հաշմանդամներին հարմար եւ համապատասխան սարքավորումներով ապահովելը։ Բացի այդ, եթե սայլակի կամ լսողական ապարատի որեւէ տեսակ պահեստում սպառվում էր, ապա պացիենտը ստիպված էր լինում սպասել հաջորդ տարվան կամ վերցնել մեկ ուրիշ, քիչ հարմար սարքավորում:
Սակայն այժմ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են հավաստագրեր, որոնց միջոցով նրանք կարող են ձեռք բերել սարքավորումը ցանկացած գրանցված արտադրողից: Սա, ինչպես նշեց նախարարը, նրանց հնարավորություն է տալիս ընտրել իրենց համար առավել պատշաճ սարքավորումը։
Հաշմանդամության սայլակ ձեռք բերելու համար 95 000 դրամ գումար է հատկացվում, լսողական սարքի համար՝ 30 000 դրամ: Եթե հիվանդը ցանկանում է ավելի թանկ տեխնիկա, մնացած գումարն ինքն կարող է վճարել: Եթե նա ընտրում է ավելի էժան տարբերակ, մնացած գումարի փոխարեն տրամադրվում են լրացուցիչ դետալներ (օրինակ, անիվներ, մարտկոցներ եւ այլն):
Ինչպես նշեց նախարարը, այս տարի հավաստագրեր են տրամադրվել 1100 լսողական սարք եւ շուրջ 600 սայլակ ձեռք բերելու համար: Ամեն 3 տարին մեկ անգամ հաշմանդամություն ունեցող անձիք կստանան նոր վաուչեր սայլակի համար եւ 2 տարին մեկ լսողական ապարատի համար։
Սակայն հաշմանդամություն ունեցող անձանցից շատերը պնդում են, որ 95 հազարը բավարար չէ նորմալ սայլակ ձեռք բերելու համար:
Արմենուհի Նիկողոսյանը՝ «Փյունիկ» կազմակերպությունից (Գյումրի), ով ինքն էլ շարժվում է սայլակով, նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար սայլակ եւ լսողական սարքը ընտրելու հնարավորությունը հրաշալի նորություն է: Այնուամենայնիվ, նա ավելացրեց, որ Գյումրիից 30 հոգի արդեն դիմել են իրենց կազմակերպություն՝ բողոքելով, որ 95 հազար դրամը բավարար չէ անհրաժեշտ սայլակների ձեռքբերման համար․ հարմարավետ սայլակների գները տատանվում են 120-150.000 դրամի սահմաններում: Անհրաժեշտ մնացած գումարը այդ մարդկանցից շատերը ունակ չեն վճարել։
Արմենուհի Նիկողոսյանը հույս ունի, որ նախարարության մասնագետները ուշադրության կարժանացնեն հաշմանդամություն ունեցող անձանց բողոքները, եւ այդ հարցը լուծում կստանա։






