Ֆինլանդիայում 100 հազար կանանց շրջանում գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի մեկ դեպք, իսկ Հայաստանում՝ 15.4։ Ֆինլանդիայի մակարդակին հասնելու համար Հայաստանում պետք է կիրառվեն բոլոր հասանելի մեթոդները, հատկապես, պատվաստումն ու սքրինինգ հետազոտությունները։ Այս մասին «Ազատություն» ռ/կ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։
Նրա խոսքով՝ սքրինինգ հետազոտությունները՝ ՊԱՊ–թեստն ու մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումը լրացնում են միմյանց եւ միայն այդ երկուսի կոմբինացիան կարող է ցանկալի արդյունքը տալ, այն է՝ կրճատել արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի քանակը։ Այդ մեթոդներից միայն մեկի կիրառումն, առանց մյուսի, ցանկալի արդյունք չի տա։
«Մենք հաստատակամ ենք օգտագործել բոլոր մեթոդները, որպեսզի հասնենք Ֆինլանդիայի ցուցանիշին՝ ե՛ւ սքրինինգ, ե՛ւ պատվաստում։ Երկու դեպքում էլ մենք հնարավորինս լուսավորչական աշխատանքներ կտանենք»,– նշել է նախարարը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում տարածված են մարդու պապիլոմայի վիրուսի այն նույն շտամերը, ինչ որ ամբողջ աշխարհում, եւ այդ նույն շտամերն են պատասխանատու արգանդի վզիկի քաղցկեղի 70-71 տոկոս դեպքերի համար։ ՄՊՎ–ի դեմ պատվաստումը կօգնի կանխել այդ հիվանդության մոտ 70 տոկոս դեպքերը, իսկ սքրինինգային ծրագրերը թույլ կտան հայտնաբերել մնացյալ 30 տոկոս դեպքերը վաղ փուլում, ինչն էլ հնարավորություն կտա բուժել այդ կանանց եւ փրկել մահից։
Համաշխարահային բանկի կողմից ֆինանսավորվող սքրինինգային ծրագրի մասին խոսելով՝ նախարարը նշել է, որ այն չհաջողված չի համարում, թեեւ ՊԱՊ քսուք հանձնել են երկու անգամ ավելի քիչ կանայք, քան ենթադրվում էր: Ըստ նախարարի՝ այս պահին օգտագործվել է գրանտային միջոցների միայն կեսը, այդ պատճառով սքրինինգային ծրագիրը կշարունակվի նաեւ2018-ին:
Նախարարը նաեւ հիշեցրել է, որ Հայաստան ուղարկվելուց առաջ պատվաստանյութի ողջ քանակը Նիդեռլանդներում լաբորատոր հետազոտություն է անցել:
Հիշեցնենք, որ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը ծրագրվում է Հայաստանում ներդնել դեկտեմբերին: Դրա նպատակը արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումն է, որը Հայաստանում ամեն տարի ախտորոշվում է մոտ 300 կնոջ մոտ: Երկրում պատվաստման ներդնումը միանշանակ չի ընդունվում:






