Հայաստանի ապահովագրական ընկերությունները ներկայացված պետվճարներից 5 տոկոսի չափով շահույթ կստանան: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:
Նրա խոսքով՝ առողջապահությունն այսօր ծառայություն է, իսկ պետությունը ծառայություններ մատուցելով չի զբաղվում, այդ պատճառով որոշվել է, որ այդ դերը կստանձնեն ապահովագրական ընկերությունները: Պետությունը նրանց պատվիրում է ծառայությունների 2 տեսակ՝ յուրաքանչյուր առանձին դեպքի փորձաքննություն եւ ծառայությունների մատուցում բնակչությանը: Այդ ծառայությունների համար իրենք 5 տոկոսի չափով շահույթ կստանան: Առողջապահության նախարարությունը ընկերություններին խաղի կանոններ չի թելադրելու եւ չի գնահատելու հնարավոր ռիսկերը:
Նախարարը նշել է, որ ապահովագրական ընկերություններին այս տարի 5,5 միլիարդ դրամ է ուղղվել՝ պետության կողմից ապահովագրված 100 000 պետական ծառայողի բժշկական ծառայությունները փակելու համար: Ապրիլին այդ ընկերությունները գումար կստանան նաեւ սոցիալապես անապահով 612 000 մարդու ապահովագրության համար:
2019-ին Հայաստանում ծրագրվում է ներդնել պարտադիր բժշկական ապահովագրություն բոլոր քաղաքացիների համար:
«Ես համարում եմ, որ Հայաստանի առողջապահական համակարգը հնարավոր չէ բարելավել՝ առանց պարտադիր ապահովագրության ներդրման»,- նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից բժշկական ապահովագրությունը գործում է 100 000 պետական ծառայողների համար, իսկ հաջորդ տարվանից ծրագրում կներգրավվի նաեւ սոցիալապես անապահով 612 000 մարդ: Երկու խմբերի ապահովագրության համար վճարելու է պետությունը: Մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն վճարել իրենց ապահովագրության համար:






