Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը տեղական դեղարտադրողների վրա ոչ միայն դրական ազդեցություն չի ունեցել, այլեւ հակառակը՝ նրանց համար լրացուցիչ խնդիրներ եւ խոչընդոտներ է առաջացրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեղարտադրողների եւ ներմուծողների միության (ԴԱՆՄ) տնօրեն Սամվել Զաքարյանը:
Նրա խոսքով՝ ամենալուրջ խնդիրներից մեկը Ռուսաստանի պահանջն է՝ 2020 թվականին իրենց մոտ անցկացնել Ռուսաստան ներմուծվող դեղերի բոլոր կլինիկական հետազոտությունները: Սակայն անհասկանալի է, թե դա անելու իմաստը որն է, քանի որ Հայաստանից արտահանվող դեղերը մեզ մոտ գրանցված են եւ արդեն երկար տարիներ շուկայում հասանելի են՝ դրանց անվտանգությունն արդեն պրակտիկայում է ապացուցվել:
Սամվել Զաքարյանը նշեց, որ հայկական կողմը ցանկանում է այդ կլինիկական հետազոտությունները, եթե դրա անհրաժեշտությունը լինի, Հայաստանում անցկացվեն, իսկ Ռուսաստանը ցանկանում է, որ դա ռուսական ընկերությունները կատարեն: Սա բարդ է եւ ամենագլխավորը՝ անչափ թանկարժեք ու տեղական արտադրողներին ոչ ձեռնտու:
Մասնագետը հավելեց, որ անցյալում հայ դեղարտադրողները իրենց արտադրանքը Ռուսաստան արտահանելիս դժվարություններ չեն ունեցել, իսկ ահա մոտ ապագայում այսպիսի դժվարություններ կարող են առաջանալ վերեւում նշված պահանջի պատճառով:
Այսօր հայ դեղարտադրողները բախվում են մեկ այլ խնդրի էլ՝ իրենց արտադրության անմրցունակությանը: Սամվել Զաքարյանը նշեց, որ Հայաստանում դեղերն արտադրվում են ըստ եվրոպական GMP ստանդարտների, որոնք ԵՏՄ մյուս երկրներում չեն գործում: GMP ստանդարտները պահանջում են արտադրության մեջ հատուկ հումքի օգտագործում, որը նույնպես պետք է համապատասխանի բոլոր ստանդարտներին, արտադրության գործընթացի նկատմամբ էլ են որոշակի պահանջներ ներկայացվում: Ըստ GMP ստանդարտների արտադրությունն արդեն դեղերի ինքնարժեքը բարձրացնում է, իսկ 20 տոկոս ԱԱՀ-ով միանգամայն անմրցունակ է դառնում՝ բարձր գնի պատճառով:
Համեմատության համար՝ Ռուսաստանում ԱԱՀ-ն 12 տոկոս է, իսկ Ղազախստանում, Ղրղզստանում եւ Բելառուսում դեղերից ընդհանրապես ԱԱՀ չի հարկվում: Ավելին՝ Բելառուսում դեղարտադրող ընկերությունները պետության կողմից սուբսիդավորվում են, ինչը դրանց ինքնարժեքը նվազեցնում է եւ շուկայում ավելի մրցունակ դարձնում:






