Դեղեր արտադրողները, ներմուծողներն ու դեղատնային ցանցերի ներկայացուցիչները ծրագրում են փաստաթուղթ պատրաստել ու ստորագրել այն մասին, որ ԱԱՀ-ից ազատվելու դեպքում իրենք պարտավորվում են իրենց դեղերի գներն իջեցնել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Դեղամիջոցներ արտադրողների եւ ներմուծողների միության (ԴԱՆՄ) գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:
Ըստ նրա՝ իրենք արդեն դիմել են երկրի վարչապետին եւ բանակցություններ են վարել Ֆինանսների նախարարության հետ՝ պահանջելով 20 տոկոս ԱԱՀ-ից ազատել դեղերն ու դեղամիջոցների հումքը: Նրանց մերժել են՝ հիմնավորելով, որ փաստ չէ, թե ԱԱՀ-ից ազատումը կհանգեցնի դեղերի գների նվազմանը, չի բացառվում, որ դրանք կվաճառվեն նույն գնով, ինչը գերշահույթ կապահովի ներկրողների ու դեղատների համար:
«Մենք որոշեցինք այսպիսի շարժում սկսել՝ արտադրողները, ներմուծողներն ու դեղատնային ցանցերի ներկայացուցիչները կպատրաստեն ու կստորագրեն փաստաթուղթ այն մասին, որ ԱԱՀ-ից ազատվելու դեպքում իրենք պարտավորվում են իրենց դեղերի գներն իջեցնել: Մոտ ժամանակներս տեսանելի կլինի, թե դրանից ինչ կստացվի»,- նշել է Սամվել Զաքարյանը: Ըստ նրա՝ եթե ԱԱՀ-ն չլինի, դեղերի գները կնվազեն առնվազն 20 տոկոսով:
Սամվել Զաքարյանը հավելել է, որ Հայաստանում դեղարտադրողներն արդեն այդպիսի փորձ ունեն. 2013-ին նրանք կառավարության հետ պայմանագիր են ստորագրել եւ աշխատանքի գրաֆիկ կազմել, որի համաձայն նրանք բոլորը պետք է անցնեին աշխատանքի եվրոպական GMP չափանիշների: Առայժմ աշխատանքներն ընթանում են նշանակված գրաֆիկի համաձայն՝ 3 ընկերություն արդեն աշխատում է GMP չափանիշներով, իսկ մյուսները կսկսեն մոտ ապագայում:
Սամվել Զաքարյանը հիշեցրել է, որ ԱԱՀ 20 տոկոսը Հայաստանում արտադրվող դեղամիջոցներին դարձնում է այլ երկրների շուկաների համար անմրցունակ: Ռուսաստանում դեղամիջոցները հարկվում են ԱԱՀ-ի 12 տոկոսի չափով, իսկ Ղազախստանում, Ղրղզստանում եւ Բելառուսում առհասարակ չեն հարկվում: Ավելին, Բելառուսում դեղերի արտադրությունը պետության կողմից սուբսիդավորվում:
Արտադրության GMP չափանիշների ու բարձր ԱԱՀ-ի պատճառով հայկական դեղամիջոցները բարձր ինքնարժեք ունեն: Նրանք մրցունակ չեն նույնիսկ Վրաստանի ու Ադրբեջանի դեղերի նկատմամբ, քանի որ այդ երկրներից ոչ մեկում դեղերի վրա ԱԱՀ չկա:
Մասնագետը հիշեցրել է, որ մինչ 2003-ը Հայաստանում դեղերը ԱԱՀ չեն ունեցել: Այն մտցրել են՝ խոստանալով հատուկ հիմնադրամ ստեղծել, որի միջոցները կուղղվեին առողջապահությանը: Տոկոսներն սկսել են վերցվել, իսկ հիմնադրամ այդպես էլ չի ստեղծվել, թեեւ անցել է արդեն շուրջ 15 տարի:






