Պետական մեկ ծառայողի բժշկական ապահովագրության մասով ապահովագրավճարի չափը (ապահովագրական ընկերության եկամուտ) կազմում է տարեկան 38,263 դրամ, որից 36,350 դրամը (95 տոկոսը) ուղղվում է ծախսերին։ Գումարը չի տրվել ապահովագրականներին, այլ պետությունը ձեռք է բերել համապատասխան ծառայություն։ Այս մասին նշված է Առողջապահության նախարարության պատասխանում NEWS.am Medicine-ի այն հարցին, թե որքա՞ն է ապահովագրական ընկերությունների եկամուտը, շահույթն ու ծախսը սոցփաթեթի մասով, եւ քանի՞ մարդ լրացուցիչ կարող էր սպասարկել պետությունը այդ գումարով, եթե չտար ապահովագրականներին։ Հիշեցնենք, որ խոսքը 100,000 պետական ծառայողների մասին է:

«Հարցը, թե պետության կողմից քանի մարդ լրացուցիչ կարող էր սպասարկվել, մի փոքր տեղին չէ, քանի որ նոր մեխանիզմով ծրագրի իրականացման հիմնական նպատակը հենց առկա միջոցներով բուժօգնության կարիք ունեցող բոլոր շահառուներին որակյալ ծառայություն մատուցելն է: Նոր մեխանիզմը բացառում է այն դեպքը, երբ բուժօգնության կարիք ունեցող որեւէ շահառուի չի մատուցվում ծառայությունը կամ ծառայության մատուցումը ամիսներով հետաձգվում է տարվա ընթացքում բյուջետային միջոցների սպառման պատճառով»,- նշված ԱՆ պատասխանում:

Պարզաբանելով, թե ինչո՞վ է պայմանավորված սոցփաթեթի բժշկական մասի նվազումը նախկին 52 հազար դրամից մինչեւ 38 հազար, ԱՆ-ից նշեցին. «52,000 դրամը հատկացվել է 2012-2013 թվականների բյուջետային ծրագրերի շրջանակում։ Ներկայումս այդ գումարը կազմում է 38,263 դրամ։ Վերջին գումարը ստանալիս հիմք են ընդունվել, ոչ թե նախորդ տարիների բյուջետային հատկացումները, այլ ծրագրի համար տվյալ պահին եւ կարգավորման տվյալ մեխանիզմներով անհրաժեշտ ծախսերը»: