Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկներին իրազեկել են, որ 2018 թվականի հունվարից պետք է Երեւանում որակավորման բարձրացման դասընթացներ անցնեն, իսկ 7 շաբաթ տեւող դասընթացն արժե 105 հազար դրամ: Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեցին բժիշկները, սա իրենց համար հսկայական գումար է՝ մեծ մասամբ իրենց ամսական աշխատավարձը գերազանցող: Սրան պետք է հավելել նաեւ Երեւան ուղեւորվելիս տրանսպորտային եւ այլ ծախսերը:

Հիշեցնենք, որ 2016 թվականից, «Բժշկական օգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, Հայաստանում ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգը. սեմինարներին եւ գիտաժողովներին, օնլայն դասընթացներին մասնակցելը, ինչպես նաեւ գիտական հրապարակումները եւ ատենախոսությունների պաշտպանությունը բժիշկներին ՇՄԶ կրեդիտներ է ապահովում, եւ 5 տարվա ընթացքում 220 կրեդիտ հավաքելու դեպքում նրանք ավտոմատ հավաստագրում են ստանում: Բանն այն է, որ մեզ դիմած Հրազդան ԲԿ բժիշկների 5-ամյա փուլը հիմա է լրանում, եւ նրանք ստիպված են մեծ գումար վճարելով՝ կրկին վերապատրաստում անցնել հին համակարգով, որը շարունակում է զուգահեռ գործել:

«Խնդիրն այն է, որ մեր վերապատրաստումը պետք է արդեն հիմա անցկացվի: Ես անձամբ հաճույքով եմ հաճախում այդ բոլոր միջոցառումներին, սակայն 2 տարում իրատեսական չէր բավարար քանակությամբ կրեդիտներ հավաքելը»,- նշեց բժիշկներից մեկը:

Հարցը, որ վերաորակավորման դասընթացների համար 105 հազար դրամը բժիշկներից շատերի, հատկապես մարզերում աշխատողների համար հսկայական գումար է, մի քանի անգամ բարձրացել է: Նախկինում բժիշկների բողոքներին Առողջապահության նախարարությունը պատասխանում էր, որ օրենսդրական նոր փոփոխություններն այս խնդիրը կլուծեն, սակայն հիմա էլ՝ փոփոխություններն ընդունելուց 1,5 տարի անց, հարցը վերջնականապես չի լուծվել: Հնգամյա փուլի տրամաբանությամբ՝ կրեդիտային համակարգը լիովին կգործի միայն 2021 թվականին: Սակայն անցումային փուլում այս գումարը բժիշկների համար համեմատաբար ընդունելի դարձնելու մասին ոչ մեկը չի մտածել: Բաց է մնում նաեւ հարցը՝ ի՞նչ կլինի բժիշկների հավաքած կրեդիտների հետ, որոնց 5-ամյա փուլը կավարտվի մինչեւ 2021 թվականը: Դրանք կգումարվե՞ն հաջորդ 5 տարիներին, թե՞ կզրոայացվեն: