Հայաստանում հոկտեմբերի կեսից սկսվել է ՍՇՎ եւ գրիպի սեզոնը, եւ այսօրվա դրությամբ երկրում ամեն շաբաթ գրանցվում է այս հիվանդությունների մոտ 2500-2700 դեպք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով՝ բժշկի դիմող մարդկանց շրջանում հիմնականում հայտնաբերվում են ադենովիրուսներ, ռինովիրուսներ եւ «մրսածության» այլ հարուցիչներ: Գրիպի վիրուսներից այս սեզոնին տարածված են B եւ A H1 տեսակները, սակայն այսօրվա դրությամբ դրանք բավականին հազվադեպ են հանդիպում. գրիպի В տեսակի վիրուս են գտել առայժմ միայն 10 հիվանդի մոտ, իսկ A H1 վիրուս՝ 4-ի մոտ:

Մասնագետը հիշեցրեց, որ այս տարվա գրիպի դեմ պատվաստանյութի մեջ են ներառվել վիրուսի հենց այս շտամները (В-ի, А Н1-ի 2 ենթատեսակ), ինչպես նաեւ Н3-ի շտամ: Այսպես կոչված, ռիսկի խմբի մեջ մտնող մարդիկ (քրոնիկական հիվանդություններով տառապող մարդիկ, տարեցները եւ այլն) այս պատվաստանյութն անվճար կստանան, եւ Լիանա Թորոսյանը կոչ է անում բոլորին, ում պոլիկլինիկայից զանգահարել եւ պատվաստման են հրավիրել, անպայման պատվաստվեն:

Մասնագետի խոսքով՝ գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացածությունն այսօր բավականին ցածր է՝ 5 անգամ քիչ, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Սակայն սա զգոնությունը կորցնելու առիթ չէ. չվարակվելու եւ չհիվանդանալու համար խորհուրդ է տրվում հիվանդ մարդկանց հետ շփվելիս զգուշություն պահպանել, եղանակին համապատասխան հագնվել, փակ տարածքները հաճախ օդափոխել եւ ձեռքերը լվանալ, իսկ եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք, տանից դուրս գալ չարժի: