Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Լեւոն Ալթունյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, քննարկվել են առողջապահության ոլորտում հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Մայր Հայաստանի գործուն մասնակցությամբ Արցախի առողջապահության ոլորտում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, ընդգծելով, որ ակնկալում է սերտ փոխգործակցության շարունակական ամրապնդում նաեւ ապագայում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակության՝ Արցախի Հանրապետություն այցի նպատակը Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքներին ծանոթացնելն է և առանձին ծրագրեր Արցախում ներդնելու ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելն է:
Լևոն Ալթունյանի խոսքով՝ Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերից շատերը կարող են արդյունավետորեն աշխատել նաև Արցախում՝ տալով բարելավման ակնհայտ արդյունքներ։






