Բնակավայրի պոլիկլինիկայում ծառայությունների մեծ մասը հիվանդների համար անվճար է՝ դրանց դիմաց պետությունն է վճարում: Կան, սակայն, մի շարք դեպքեր, երբ ծառայությունների դիմաց պետք է վճարի ինքը հիվանդը: Այդ դեպքերի մասին մեզ պատմեց երեւանյան պոլիկլինիկանեորից մեկի աշխատակից բժիշկ Սաթենիկ Բադալյանը:

Այսպես՝ եթե հիվանդը ցանկանում է նեղ մասնագետի այցելել, որն այն պոլիկլինիկայում չի աշխատում, որտեղ նա գրանցված է, խորհրդատվության համար պետք է վճարի: Նույնը վերաբերում է անալիզներին. եթե հիվանդը ցանկանում է անալիզ հանձնել ուրիշ պոլիկլինիկայում, նրա համար անալիզները վճարովի կլինեն

Ինչպես նշեց Սաթենիկ Բադալյանը, այսօր, բարեբախտաբար, այլեւս չի գործում տարածքային սկզբունքը, եւ հիվանդը կարող է ցանկացած պոլիկլինիկայում գրանցվել, պարտադիր չէ իր շրջանային պոլիկլինիկայում: Նույն կերպ կարող է նաեւ իր համար ընտանեկան բժիշկ ընտրել: Այսպիսով, եթե հիվանդը չի վստահում իր ներկայիս բժշկին կամ պոլիկլինիկային, հեշտորեն կարող է նոր բժիշկ ընտրել եւ նոր պոլիկլինիկայում գրանցվել:

Մասնագետի խոսքով՝  պոլիկլինիկաներում լաբորատոր հետազոտությունների մեծամասնությունն իրականացվում է պետպատվերի շրջանակներում, սակայն եթե նրանց համար չկան բժշկական ցուցումներ եւ հիվանդն ինքն է ուզում անալիզներ հանձնել՝ չունենալով բուժող բժշկի ուղեգիրը, այդ դեպքում նա պետք է վճարի։

Կան նաեւ դժվարամատչելի հետազոտություններ, որոնք չեն կատարվում պետպատվերով։ Սոցիալապես անապահով մարդկանց հատուկ խմբում չընդգրկված մարդկանց մեծ մասը ստիպված կլինի վճարել այդ հետազոտությունների համար:

Բացի այդ, յուրաքանչյուր պոլիկլինիկա կարող է կազմել վճարովի ծառայությունների իր ցուցակը, որոնք ընդգրկված չեն պետպատվերում: Այս ծառայությունների մասին մանրամասները կարելի է գտնել կոնկրետ պոլիկլինիկայում: