Այսօր չկա ոչ մի գիտական հետազոտություն, որը կապացուցեր, որ կանանց մոտ գարդասիլի պատվաստման հետեւանքով կարող է անպտղություն առաջանալ:
Ավելի քան 60 հազար կին մասնակցել է տարբեր ուսումնասիրություններում եւ պատվաստման հետեւանքով անպտղության, վիժելու կամ մեռելածնության դեպքեր չեն գրանցվել:
Այս մասին առողջապահության եւ սոցիալական հարցերով խորհրդարանական հանձնաժողովում լսումների ժամանակ ասել է ԱՆ իմունոկանխարգելան ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ պատասխանելով մի շարք պատգամավորների հարցերին այն մասին, թե կարող է ՄՊՎ դեմ պատվաստումը աղջիկների մոտ անպտղություն առաջացնել: Այս հարցն, ըստ պատգամավորների, խիստ անհագստացնում է շատ ծնողների:
Սահակյանի խոսքով՝ հենց մարդու պապիլոմայի վիրուսով վարակվելը, այլ ոչ թե պատվաստումը կարող է վերարտադրողական գործառույթի խախտմանը եւ անպտղությանը հանգեցնել:
«Եթե մենք պրոֆիլակտիկա ենք անում, ապա կարող ենք որոշակի իմաստով հակառակ ազդեցության մասին խոսել. մենք կանխում ենք վերարտադրողական գործառույթի խախտումները», - ասել է նա՝ հավելելով, որ քաղցկեղային վիճակը նշանակում է քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, վիրահատություն եւ այլն, որոնք եւ կանանց մոտ վերարտադրողական գործառույթի խախտմանն են հանգեցնում:






