2017թ. օգոստոսից պարանոցային «Էրեբունի» ԲԿ անոթների եւ կաթվածի կանխարգելման ծառայությունում կատարվում են միգրենի բուժման վիրահատություններ: Վիրահատությունները, որոնք արտերկրում կատարվում են ավելի քան 20 տարի, այժմ հաջողությամբ իրականացվում են նաեւ Հայաստանում, հայտնում է հիվանդանոցի կայքը։

Պարանոցային անոթների եւ կաթվածի կանխարգելման ծառայության ղեկավար, անոթային վիրաբույժ, բ.գ.դ. Մեսրոպ Շատախյանը անցկացրեց մի շարք այդպիսի վիրահատական միջամտություններ: Նա գործով ապացուցեց, որ միգրենի բուժման համար միայն վիրահատական եղանակով կարելի է ոչնչացնել այդ հիվանդության պատճառը, քանի որ պացիենտների մեծ մասը ռեզիստենտ են դեղորայքային բուժման հանդեպ:

«Ավելի լավ վիրաբուժական արդյունք ստանալու համար անհրաժեշտ է միգրենի մանրակրկիտ ախտորոշում, որը հնարավոր է իրականացնել միայն ծակծկելով պացիենտի ցավի տրիգերային գոտիները` ցավազրկման նպատակով: Ցավերից ազատվելու արդյունավետությունը ախտորոշիչ ծակծկոցից հետո դիտվում է պացիենտների մեծ մասի մոտ եւ տեւում է 2-3 ամիս: Ցավազրկման լավ արդյունքի դեպքում գրեթե 90-100%-ով վիրահատությունը բարեհաջող է ընթանում` վերանում են միգրենի նոպաները»,- նշեց Մ. Շատախյանը:

Վիրաբույժի խոսքերով, որոշ դեպքերում հարկ է լինում վիրահատել միաժամանակ 8-ից 10 ցավային գոտի: Սովորաբար հիվանդը դուրս է գրվում վիրահատության հաջորդ օրը:

Համաշխարհային գրականության տվյալների համաձայն վիրահատությունից հետո առանց ցավ մնալու տեւողությունը հաշվարկվում է արդեն տասնյակ տարիներ: Ուրախալի է այն, որ այսօր Հայաստանում ստեղծվել է հնարավորություն բուժվել այդ հիվանդությունից, որը չափազանց տարածված է՝ լինելով կյանքի որակի եւ աշխատունակության նվազեցման գլխավոր պատճառներից մեկը:

«Էրեբունի» ԲԿ-ի պարանոցային անոթների եւ կաթվածի կանխարգելման ծառայությունը, որը ղեկավարում է անոթային վիրաբույժ, բ.գ.դ. Մեսրոպ Շատախյանը, հաջողությամբ է հաղթահարում այսպիսի ծանր պաթոլոգիաները` կատարելով միգրենի վիրաբուժությանը վերաբերող բաց վիրահատական միջամտությունների մի ամբողջ շարք:

 https://erebunimed.com/arm/news.more/287