Ամերիկացի բժիշկներն առաջարկում են երեխաների մոտ ապենդիցիտի չբարդացած դեպքերը բուժել հակաբիոտիկներով:
Ապենդիցիտը դա որդանման ելունի՝ կույր աղու (հաստ աղու հատված) որդանման փակ հատվածի բորբոքումն է, հետագա թարախակալմամբ: Չբուժելու դեպքում այն կարող է պատռվել՝ ինֆեկցիան տարածելով ամբողջ որովայնով:
Թեպետ ապենդիցիտի առաջացման պատճառները մինչեւ վերջ հայտնի չեն, Օհայո Նահանգի ազգային մանկական հիվանդանոցի բժիշկ Պիտեր Մինեչին համարում է, որ դա երբեմն տեղի է ունենում, երբ կղանքի մի կտոր խցանում է որդանման ելունը եւ բակտերիաները սկսում են այնտեղ բազմանալ:
Բժիշկները նկատել են, որ որոշ երեխաներ իրենց ավելի լավ են զգացել հակաբիոտիկներով նախնական բուժումից հետո:
Ստուգելու համար, թե կարող են արդյոք հակաբիոտիկները միայնակ բուժել ապենդիցիտը, նա եւ իր գործընկերները մանկական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքից 77 երեխաներ են ընտրել՝ սկսած 2012թ.-ի հոկտեմբերից մինչեւ 2013թ.-ի հոկտեմբերը:
Բոլոր մասնակիցների մոտ նույն ախտորոշումն է եղել՝ չբարդացած սուր ապենդիցիտ:
Մասնակիցներին եւ իրենց ծնողներին տրվել է ընտրության հնարավորություն վիրահատական եւ հակաբիոտիկներով բուժման միջեւ՝ 24 ժամ ներերակային հակաբիոտիկների ընդունում հիվանդանոցում, հետագա 10-օրյա հակաբիոտիկների ընդունմամբ հաբերի ձեւով տանը:
77 մասնակիցներից 30-ը ընտրել են հակաբիոտիկներ, իսկ 47-ը վիրահատություն։
Հակաբիոտիկներ ընտրած մասնակիցների 93%-ն արդեն հաջորդ օրը իրենց լավ են զգացել: Նրանք ավելի արագ են ապաքինվել:
Հակաբիոտիկների խմբի 3 հիվանդների որդանման ելունը, այնուամենայնիվ, հեռացրել են նրանց հիվանդանոց դիմելուց 30 օր անց: Չնայած դրան, նրանց որդանման ելունը չէր «պայթել»:
Եվ երեխաները եւ նրանց ծնողները՝ վիրահատություն տարած խմբի հետ համեմատած, հակաբիոտիներով խմբում կյանքի որակը ավելի բարձր են գնահատել: Սակայն հակաբիոտիկների խմբում հիվանդանոցում գտնվելու միջին ժամանակը վիրահատական խմբի 20 ժամի հետ համեմատած 38 ժամով ավելի երկար է եղել:






