Հայաստանի բոլոր մարզերում առկա հիմնական խնդիրներից է շտապ օգնության բրիգադների պակասը: Որոշ մարզերում միայն մեկ բրիգադ է աշխատում, եւ առնվազն եւս մեկի կարիք կա:
Նման եզրակացության են եկել Transparancy International-ի, USAID-ի եւ «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախաձեռնությամբ՝ «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրության հեղինակները: Ուսումնասիրության արդյունքների մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան Վիոլետա Զոպունյանը:
Վերջինիս խոսքով՝ ուսումնասիրությունը կատարվել է Հայաստանի մարզերի շտապ օգնության 10 կայանում եւ 20 պոլիկլինիկայում: Նպատակն էր պարզել, թե ինչպիսի խնդիրներ կան մարզերում՝ ֆինանսական ռեսուրսների բաշխման, հիվանդների եւ առողջապահության աշխատողների իրավունքների պաշտպանության հետ կապված:
Ինչպես նշեց փորձագետը, շատ մարզերում շտապօգնության բրիգադների՝ մեքենաների եւ մասնագետների, պակաս կա: Սակայն նոր բրիգադի ստեղծումը կապված է ֆինանսական ծախսերի հետ:
Կադրերի, հատկապես երիտասարդների, խնդիրը արդիական է նաեւ պոլիկլինիկաներում. երիտասարդ մասնագետները, որպես կանոն, չեն ցանկանում աշխատել մարզային պոլիկլինիկաներում՝ կարիերայի հեռանկարների բացակայության պատճառով, եւ դա, ըստ փորձագետի, խնդիր է, որը պետք է լուծել:
Պոլիկլինիկաներում առկա են նաեւ էլեկտրոնային առողջութապահության ներդրման հետ կապված խնդիրներ. նույնիսկ մայրաքաղաքային բժիշկներից քչերն են կարողանում համակարգչից օգտվել, իսկ մարզերում այս խնդիրը ավելի սուր է:
«Կան խնդիրներ, եւ դրանք շատ են: Այս խնդիրների մեծ մասի լուծումը կապված է ֆինանսական հարցերի հետ: Առաջարկներից մեկը ֆինանսական ռեսուրսները մարզային բժշկական կենտրոնների միջեւ վերջիններիս՝ անցյալ տարվա ծախսերին համապատասխան բաշխելն է, եւ ոչ թե՝ կրճատելը»,- նշեց փորձագետը:





